Այսօր Հայոց պետականության և հայության լինելիության բանալին Արցախում է՝ հերոս արցախցու ձեռքում. Խոսրով Հարությունյան

Այսօր Հայոց պետականության և հայության լինելիության բանալին Արցախում է՝ հերոս արցախցիների ձեռքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Այսօր Հայոց պետականության և հայության լինելիության բանալին Արցախում է՝ հերոս արցախցու ձեռքում:

Հայկական մեդիատարածքում լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանի ղեկավարության պահանջով Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից և լքել Արցախը:

Ավելին կարծիք է հայտնվում, որ Ռուբեն Վարդանյանի հեռացումը Լաչինի միջանցքը բացելու գինն է:

Այն որ Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակման դեմ դա հայտնի է բոլորին: Վերջին անգամ այդ առիթով արտահայտվել է հարևան երկրի արտգործնախարարը Մոսկվայում ՌԴ արտգործնախարարի հետ բրիֆինգում:

Համոզված չեմ, որ այդ, ցինիզմի աստիճանի հասնող, նախաձեռնությունը կարող է լուրջ ընկալվել Արցախի Հանրապետությունում այն պարզ պատճառով, որ արցախցին հպարտանում է իր ինքնիշխանությամբ և թույլ չի տա որևէ մեկին, իսկ թշնամուն՝ հատկապես, միջամտել Արցախի ընտրովի մարմինների գործունեությանը:

Պետք է լինել առնվազն մտովի կույր, որպեսզի հավատալ թե Լաչինի միջանցքը այդ կերպ կբացվի (եթե նույնիսկ այսօր բացվի, ապա վաղը մեկ ուրիշ պատրվակով նորից կփակվի):

Լաչինի միջանցքի բացման գինը շրջափակմանը հաղթելն է՝ 2022թ դեկտեմբերի 25-ի հանրահավաքում հռչակած Ազատագրալկան պայքարի Ազգային Ուխտին հավատարիմ մնալով:

Ցանկացած այլ մոտեցում՝ կործանում է, ընդ որում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի և հայության: Սա պետք է գիտակցեն հայության բոլոր հատվածներում:

Այսօր Հայոց պետականության և հայության լինելիության բանալին Արցախում է՝ հերոս արցախցիների ձեռքում:

Տարօրինակ է, որ նույնիսկ թշնամին է դա հասկանում:

Այս ճակատագրական պահին ընկրկել մեր ոխերիմ հարևանի շանտաժին՝ կնշանակի դավաճանել մեր Ազգային Ուխտին:

Սատարել Ռուբեն Վարդանյանին նշանակում է սատարել Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման անխախտ իրավունքին:

Խոսրով Հարությունյան

14.01.2023թ»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել