Առավոտից Արցախում, պաշտոնական մակարդակով, նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին են խոսում, օրվա վերջ պետնախարարի ու նախագահի հնարավոր հրաժարականի, որոնք, բնականաբար, իրար հետ փոխկապակցված գործընթացներ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մի քանի դետալ դեռ բացակայում է իրավիճակը ողջ խորությամբ գնահատելու համար, սակայն եթե այս ամենն արվում է ադրբեջանական պահանջով ու նախընտրություններով, ըստ այդմ՝ ադրբեջանական խաղի կանոններին ենթարկվելու տրամաբանության ներքո, ապա դա հայկական օրակարգի ձախողումն է՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով։
Անկախ նրանից, թե դրա դիմաց Ադրբեջանն ինչ գործարք է առաջարկել՝ ադրբեջանական դաշտ մտնելն ինքնին տապալում է»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել էր, որ Ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը չի բացառում։