Երևանի գազամատակարարմանը լրացուցիչ հզորություններով ապահովելու անհրաժեշտություն կա․ նախագիծ

Երևանում գազասպառման ծավալները կտրուկ աճել են և Երևան քաղաքը սնող գազաբաշխիչ կայանների (ԳԲԿ) և գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունը այլևս բավարար չէ գործող գազի բաշխիչ ցանցին նոր գազասպառման համակարգերի միացման համար։ Iravaban.net-ը տեղեկանում է, որ այս մասին նախագիծ է ներկայացրել Էկոնոմիկայի նախարարությունը։

Նախագծում նշված է, որ գործող ենթակառուցվածքներից նոր գազասպառման համակարգերի միացման տեխնիկական պայմանների տրամադրումը կարող է խաթարել անխափան և հուսալի գազամատակարարման իրականացումը, ինչը և անհնար է դարձնում Երևան քաղաքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման համար գազամատակարարման առավել արդյունավետ տեխնիկական պայմաններ տրամադրելու գործընթացը։

Ստեղծված իրավիճակից ելնելով Երևան քաղաքում նոր գազասպառման համակարգերի միացման համար տեխնիկական պայմաններ տրամադրվում են Երևան քաղաքի սահմաններից դուրս տեղակայված ԳԲԿ-ներ սնող բարձր ճնշման կողմնատար գազատարներից նոր ԳԲԿ-ների կառուցմամբ։

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կառուցապատողի առանձին տրամադրված գազաֆիկացման տեխնիկական պայմանների համաձայն շինհավաքակցման աշխատանքների կազմակերպումը նման հեռավորությունից տնտեսապես անարդյունավետ և գրեթե անիրագործելի է, ուստի խնդրի լուծման նպատակով  առավել նպատակահարմար է իրականացնել նոր բարձր ճնշման կողմնատար գազատարների, ԳԲԿ-ների և ընդհանուր միջին ճնշման գազատարերի կառուցում, որոնցից հետագայում կմիացվեն կառուցապատողների նոր գազասպառման համակարգերը։

Նմանատիպ աշխատանքները, որպես կանոն, իրականցվում են մատակարար ընկերությունների ներդրումային ծրագրերի շրջանակում։ Սակայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն ընկերությունն իր առաջիկա 10 տարիների ներդրումային ծրագիրը իրականացնում է համաձայն մշակված ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայի, որտեղ Երևան քաղաքի պահանջարկի բավարարման նպատակով ԳԲԿ-ների և գազատարերի կառուցում ներառված չէ։ Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ նշված սխեմայով նախատեսված աշխատանքներից դուրս այլ ուղղություններով ներդրումների իրականացումը խնդրահարույց է։

Կառավարությունը հավանություն է տվել այս նախագծին և հրապարակվել է որոշման նախագիծը, ըստ որի՝

աշխատանքներն առաջարկվում է կազմակերպել 4 փուլերով՝ թվով 4 ուղղություններով, առկա կողմնատար գազատարներից 4 նոր ԳՃԿՀ-ների կառուցմամբ, որոնց համար նախնական խոշորացված ցուցիչներով կպահանջվեն հետևյալ ներդրումները. 

I փուլ – Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված – 5.3 մլրդ դրամ* (առանց ԱԱՀ)

II փուլ – Երևան քաղաքի Արևելյան հատված – 2.0 մլրդ դրամ* (առանց ԱԱՀ)

III փուլ – Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված – 8.9 մլրդ դրամ*(առանց ԱԱՀ)

IV փուլ – Երևան քաղաքի Հարավային հատված – 3.8 մլրդ դրամ* (առանց ԱԱՀ)

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմելու համար կպահանջվի շուրջ 2 տարի ժամանակ, որոնց ավարտից և վերջնական համաձայնեցումներից հետո՝ փուլային տարբերակով հնարավոր կլինեն իրականացնել աշխատանքները:

I փուլ – Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված        – 18 ամիս.

II փուլ – Երևան քաղաքի Արևելյան հատված                     – 18 ամիս.

III փուլ – Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված        – 36 ամիս.

IV փուլ – Երևան քաղաքի Հարավային հատված                – 18 ամիս.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել