Հայաստանն իր աջակցությունը պետք է հայտնի այն գործողություններին, որոնք միտված են Արցախի ապաշրջափակմանը. այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի հերթական նիստում: Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը:
Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի կողմից խախտվում է 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Նրա հավաստմամբ ռուս խաղաղապահները պետք է բոլոր ջանքերը ներդնեն Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ:Հիմնական զեկուցողի խոսքով Հայաստանը պետք է հետամուտ լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցում:
Հարակից զեկուցող պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել է, որ 2022 թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարության տեքստը շարունակում է ուժի մեջ մնալ, եւ այն արտահայտում է ԱԺ-ի դիրքորոշումը, քաղաքական գնահատականները, պահաջներն ու կոչերը: Ընթացակարգի վերաբերյալ պատգամավորը տեղեկացրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 14-ի ԱԺ խորհրդի նիստում ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկվել է իրենց հեղինակած եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած տեքստերը համադրել եւ գալ ընդհանուր հայտարարի՝ հայտարարության տեքստը ընդունելով միասնաբար, սակայն առաջարկն ընդդիմության պատգամավորների կողմից մերժվել էր, եւ նրանք արտահերթ նիստի ժամանակ լքել էին նիստերի դահլիճը: Պատգամավորը կոչ է արել հանձնաժողովի անդամներին դեմ քվեարկել հայտարարության տեքստին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կոչ է արել պայքարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար, քանի որ դա է նրանց պայքարի նպատակը: «Հայաստանը, Արցախը եւ Սփյուռքը եռամիասնաբար պետք է պայքարեն Արցախի ժողովրդի կամքն իրականացնելու համար»,- ասել է նա:
Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով դեկտեմբերի 14-ի հայտարարությանը, նշել է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբեւէ չի հավակնել, որ միայն հայտարարության ընդունման արդյունքում Լաչինի միջանցքը կբացվի՝ ի տարբերություն ձեր քաղաքական ուժի, որը պարբերաբար պնդում է, որ դիրքորշման փոփոխության արդյունքում՝ այն է ձեր կողմից բերված հայտարարության ընդունման պարագայում, ըստ էության, միջանցքը կբացվի»:
Հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը եզրափակիչ ելույթում առաջարկել է նախագծի քվեարկությունը հետաձգել՝ լրամշակման նպատակով: