«Ես էլ գիտեմ՝ թուրքերն են եկել Լաչինից». լարված իրավիճակ Ֆիրդուսում

Ֆիրդուսի շուկայում այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր: Հարկադիր կատարման ծառայողները ոստիկանների հետ եկել էին Ֆիրդուսի շուկայի տարածքում առկա պահեստները չափագրելու:

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ շինությունները պատկանում են իրեն, իսկ դատարանը միակողմանի որոշում է կայացրել, ինչից հետո եկել են Հարկադիր կատարման ծառայողները և փորձում են իրենց կամքին հակառակ գործողություններ կատարել:

Հարկադիր կատարման ծառայողները փորձում էին գույքագրումներ անել, իսկ բնակիչները թույլ չէին տալիս:

«Իմ հարևանի գույքն են փորձում չափագրել, նա գիտի, որ ինչ էլ անեն ի վնաս իրեն են անելու, դրա համար էլ չի թողնում, որ չափագրեն: Այստեղ մենք դեռ ապրում ենք, դեռ որևէ հիմք չփոխած արդեն հայտարարություններ է գնում, որ բնակարաններ են վաճառվում այս հասցեի տակ: Առաջին հերթին՝ ես չեմ վաճառում իմ տունը, ես իմ տանը ապրում եմ: Քնում-արթնանում են՝ որոշում են գերակա շահ, ի՞նչ գերակա շահ: Ինձ հարցրե՞լ են, ես ուզում եմ, թե ոչ»,-նշեց նա:

Մեկ այլ բնակիչ էլ հայտնեց, որ իրենք արդեն շուրջ 15 տարի է բողոքարկում են, որ գերակա շահ չկա, պարզապես բիզնես ծրագիր է, փորձում են իրենց հանել իրենց տարածքներից և նոր շինություն կառուցել:

«Հարկադիրից եկան, հարձակվեցին վրաս, ես էլ գիտեմ՝ թուրքերն են եկել Լաչինից, հետո իմացա, որ «միլիցեքն» են: Ես չեմ հավատում, որ իրենք հայ են»,-ասաց բնակիչներից մեկը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների գլխավոր խորհրդատու, Արդարադատության փոխգնդապետ Վազգեն Գալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ունեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կատարողական համապատասխան թերթ, որով պետք է ապահովեն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպություն փորձագետի մուտքը քաղաք Երևան Հանրապետության նրբանցքի թիվ 8ա հասցե:

Նշենք, որ հարկադիր կատարողներն ուժով բացեցին տներից մեկի դուռն ու ներս մտան:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել