Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վրեժ Մարկոսյանը

Կյանքից հեռացել է «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն Վրեժ Վարանցովի Մարկոսյնը։

Այս մասին հայտնում են «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ից։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ հունվարի 12-ին կյանքից անժամանակ հեռացել է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈւՆ» ՓԲԸ հիմնադիր տնօրեն Վրեժ Վարանցովի Մարկոսյանը:

Վրեժ Վարանցովի Մարկոսյանի՝ որպես բացառիկ մարդու, արհեստավարժ, հոգատար ու նվիրված ղեկավարի, իր բարի ու իմաստուն խորհուրդներով ուղղորդող տնօրենի, հիշատակը վառ կմնա աշխատակիցների ու գործընկերների սրտերում:

«Տիգրան Մեծ» հրատարակչության ողջ անձնակազմը խորապես սգում է Վրեժ Վարանցովի Մարկոսյանի անդառնալի կորուստը և ցավակցությունն է հայտնում Մարկոսյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին՝ ցանկանալով ուժ և համբերություն՝ այս ծանր վշտի պահին:

Հոգեհանգիստը տեղի կունենա ս․թ․ հունվարի 13-ին՝ ժամը 18։00, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, ժամը 14։00՝ ք. Երևան փող. Կոզեռնի ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ (ԿՈՆԴ)»,-ասված է հաղորդագրության մեջ։

Վրեժ Վարանցովի Մարկոսյնը ծնվել է 1950թ. մարտի 15-ին Ապարանում:

1973-1974թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1972թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ-հաշվապահ:

1972-1973թթ. ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում աշխատել է վերահսկիչ: 1974-1976թթ. եղել է ՀԽՍՀ ՆԳ մինիստրության Ապարանի ՆԳ բաժնի ավագ օպերտեսուչ: 1976-1991թթ. ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունում աշխատել է ապրանքագետ, մատակարարման բաժնի պետ, տպարանի տնօրեն, հրատարակչության տնօրեն: 1997-2012թթ. եղել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրեն:

Պարգեւատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով (2006թ.), Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով (2007թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2010թ., ՀՀ):

2012թ. մայիսի 6-ին ԱԺ  պատգամավոր էր ընտրվել թիվ 14 ընտրատարածքից:

Ամուսնացած էր, ուներ մեկ զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել