Դատարանը հրապարակել է Դիանա Օրդուխանյանի ու Տաթևիկ Սարգսյանի գործով վճիռը

Դերասանուհի Տաթևիկ Սարգսյանը 2020-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ դերասանուհի Դիանա Օրդուխանյանի` զրպարտություն համարվող բոլոր տեղեկությունները հերքելուն, հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և պատվին, արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջների մասին: Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործը մակագրվել է դատավոր Ռուբեն Ներսիսյանին։

Նշենք, որ համացանցում այն ժամանակ բուռն արձագանք էր գտել դերասանուհիների միջև ծագած սկանդալը։ Գործի նյութերում նշվում է, որ Տաթևիկ Սարգսյանը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում:

Դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանա Օրդուխանյանին: Ի պատասխան՝ վերջինս Instagram-ի իր էջում հրպարակումներ էր արել Տաթևիկ Սարգսյանի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը, նշելով, որ Տաթևիկը «փողով դուրս է գալիս բիձեքի հետ»:

Դիանայի «Սթորի» բաժինը ողողված էր Տաթևի մասին վիրավորական հրապարակումներով:

Սարգսյանը պահանջել էր  Օրդուխանյանին պարտավորեցնել հրապարակայնորեն` News.am, և ArmLur.am լրատվական կայքերի միջոցով հերքել հայցվորի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող բոլոր տեղեկությունները և նույն լրատվական կայքերի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար: Բացի այդ, հայցվորը պահանջել է պատասխանողից հօգուտ հայցվորի, որպես պատվին և արժանապատվությանը պատճառած վնասի փոխհատուցում՝ վիրավորանք հասցնելու համար բռնագանձել 1.000.000 դրամ գումար և զրպարտելու համար՝ 2.000.000 դրամ գումարի չափով:

Դատարանը 2022-ի դեկտեմբերի 22-ին հրապարակել է գործով վճիռը, որով Տաթևիկ Սարգսյանի հայցը բավարարվել է մասնակի։ Դատարանը Դիանա Օրդուխանյանին պարտավորեցրել է հրապարակայնորեն` News.am, և ArmLur.am լրատվական կայքերի միջոցով հերքել հայցվորի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող բոլոր տեղեկությունները և նույն լրատվական կայքերի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար:

Օրդուխանյանից հօգուտ Տաթևիկ Սարգսյանի կբռնագանձվի 200.000 դրամ գումար, որպես վիրավորանք հասցնելու համար դրամական փոխհատուցում և 400.000 դրամ գումարի չափով, որպես զրպարտությամբ պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում:

Բացի այդ, պատասխանողից հօգուտ հայցվորի կբռնագանձվի 100.000 դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ 64.000 դրամը՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Նշենք, որ վճռի բողոքարկման ժամկետը դեռ չի լրացել, այն կավարտվի հունվարի 22-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել