Ենթադրում եմ, որ Լաչինի միջանցքը փակվել է, որպեսզի, օրինակ՝ մեզ պարտադրվի նման միջանց Հայաստանում։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այո, մենք ամեն ինչ կանենք, որ միջանցքը բացվի, որ այն պարտավորությունները, որոնք ստանձնվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի մեջ, ի կատար ածվեն, բայց մտնել այդ խոսակցության մեջ և նոր գործընթաց սկսել՝ դրնով այդ համաձայնագիրը դարձնել առ ոչինչ, դա կարծում եմ՝ սխալ կլինի»,-ասաց ԱԺ նախագահը։
Նրա խոսքով՝ Արցախի իշխանություններն ինքնուրույն են բանակցում ադրբեջանական կողմի հետ։
«Գոյություն ունի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիր, որով Լաչինի միջանցքի անխափան երթևեկության անխափան պարտավորությունը դրված է ՌԴ-ի վրա և Ադրբեջանի վրա։ Այն, ինչ մենք անում ենք՝ մաքսիմումն է, որ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ։ «Ձեռքեր լվանալ» կլիներ, եթե մենք որևիցե ձևով դուրս գայինք այդ համագործակցությունից, բայց Հայաստանն ամեն ինչ անում է և շարունակելու է ամեն ինչ անել։ Մենք չենք ասում, որ ադրբեջանցին չի կարողանալու Հայաստանի տարածքով գնալ Նախիջևան, խնդիրը վերաբերում է ՀՀ-ի ինքնիշխան տարածքին և օրենսդրությանը։ Թող գան, որ ճանապարհով ուզում են գնան, բայց ոնց որ մենք ենք գնում, ենթադրենք Հայաստանից Վրաստանից դեպի Ռուսաստան կամ այլ երկիր, նույն ձևով էլ իրենք, պարզապես մի քիչ գուցե այլ ստուգման մեխանիզմներով»,-հայտարարեց Սիմոնյանը։
Ըստ ԱԺ նախագահի՝ եթե մի օր երկու կողմերը հասնեն այդ օրվան, Իլիևն իր հերթին է հայտարարելու, որ արդեն կա Լաչինի միջանց, ընդդիմությունը՝ իր, սակայն դա չի լինելու միջանց, որը օրակարգ է բերել Ալիևը։
ԱԺ նախագահը կրկին անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի միջև շփումներին՝ նշեց, որ գուցե Ռուբեն Վարդանյանի հետ չկան շփումներ, բայց այլ խողովակներում լինում են և նշեց, որ չի կարող բանակցողի անուններ տալ, սակայն Լաչինի միջանցքի փակման առաջին 15 օրից հետո ուղիղ շփումներ չեն եղել։
Պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը ռուսական կողմի հետ ունենում է քննարկումներ, այն մասին, թե ինչու մեկ ամսից ավել է չեն կարողնաում բացել Լաչինի միջանցքը, ԱԺ նախագահը արձագանքեց․ «Այո, ունենում ենք, բայց դա իրենց դուր չի գալիս»։
«Որևիցե առարկայական բան չեն ասում։ Պարտերազմից այս կողմ, երկու տարի է ասում են՝ կանենք, կլուծենք, չեմ ուզում հիմա շատ բան ասել, բայց ուզում եմ վստահեցնել ձեզ, որ չկա որևէ հանդիպում, որին մենք Արցախի հարցը չենք բարձրացնում։ Կա հարց, որը մինչև այս պահն անպատասխան է մնում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ռուսաստանյան խոհանոցներում խոսում են և քննարկումներ են լինում այն մասին, որ այո, իրենք մենակ են թողել Հայաստանին և դա շատ խորը քննարկվում է։ ՀԱՊԿ-ը կա՛մ պետք է գործի կա՛մ պետք է հայտարարի, որ ինքը գոյություն չունի։ Կա՛մ պետք է հայտարարի, որ Ջերմուկի մոտով անցնող սահմանը, Սև լճի մոտով անցնող սահմանը իր պատասխանատվության գոտին է կա՛մ պետք է հայտարարի, որ իր պատասխանատվության գոտին անորոշ է։ Զորավարժություն են ուզում անել որտե՞ղ։ Ենթադրենք Ջերմուկի կողքը, որ զորավարժություն անեն, դա ինչո՞վ է ավարտվելու։ Հետո իրենք վեր կկենան և կգնան մեզ թողնելով՝ ՆԱՏՕ-ի երկրորդ զորքի՝ Թուրքիայի հետ դեմ առ դեմ, դա ի՞նչ է։ Կարծում են Ռուսաստանում պետք է նույնիսկ գնահատեն մեր զսպվածությունը և մենք ակնկալում ենք, գոնե քաղաքական մակարդակով՝ քայլեր, որոնք կբերեն իրավիճակի հանդարտեցմանը, Լաչինի միջանցքի բացմանը»,-ասաց ԱԺ նախագահը։