Առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել այս գործերով․ Արգիշտի Քյարամյանը նոր տվյալներ է հայտնել

44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ բավականին լայն քննություն է իրականացվում։ Այս մասին «Հանրային» հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը։

«Մենք դիվիզիայի մակարդակից ընդհուպ մինչ վաշտի մակարդակ քննություն ենք իրականցնում, կորպուսի մակարդակից մինչև երբեմն դասակի մակարդակ քննություն ենք իրականացնում։ Մեր հիմնական նպատակն ամբողջությամբ բացահայտելն է պատերազմում մեր պարտության պատճառներին և ինչպես նաև այն անձանց, որոնք նպաստել են դրան»,-նշեց Քյարամյանը։

ՔԿ նախագահի խոսքով՝ առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել այս գործերով, ինչը վկայում է քննության աննախադեպ ծավալի մասին։

«Քննությունը կարող ենք պայմանականորեն բաժանել երկու մասի՝ սպաների վերաբերյալ քրեական գործեր և շարքային անձնակազմի վերաբերյալ քրեական գործեր։ Համապատասխանաբար, առանձին գործերով քննում ենք 10-րդ և 18-րդ դիվիզիաների վերաբերյալ քրեական գործերը, Առաջին բանակային կորպուսի վերաբերյալ գործը, Շուշիի անկման դրվագն առանձին գործով է քննվում, հոկտեմբերի 7-8 դրվագով առանձին գործով քննություն ունենք, ունենք առանձնացված քրեական գործեր նախապատերազմյան որոշ հարցերի, պատերազմից առաջ, ընթացքում իրականացված զորահավաքի գործերով քրեական գործերով»,-նշեց նա։

Ըստ պաշտոնյայի՝ վերջնարդյունքում կլինի ընդհանուր պատկեր։

«Կան իրավիճակներ, որոնք պարզաբանված են և հանգուցալուծմանն են սպասում, բայց չեն հրապարակվում՝ հաշվի առնելով քննության տակտիկան»,-նշել է նա։

Անդրադառնալով Արցախի ՊՆ նախկին հրամանատարներ Միքայել Արզումանյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործերին, Քյարամյանը նշեց, որ մեղադրանքների ծավալները չեն փոխվել և մի քանի դրվագներով նախաքննությունն ավարտին է մոտենում։

«Մենք քերական գործեր ունենք հարուցված 44-օրյա պատերազմի, նախորդ տարվա մայիսի, ինչպես նաև սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ։ Բոլոր հանգամանքները փաստագրվել են, որոնք օգտագործվում են միջազգային հարթակներում։ ՔԿ-ն նույնականացրել է ավելի քան 300 անձի, ովքեր 12 ահաբեկչական խմբավորումների կազմում հակառակորդի կողմից մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Նրանք բոլորն էլ միջազգային հետախուզման մեջ են»,-հայտնեց ՔԿ ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել