Մեղադրական դատավճիռ՝ քննիչի կողմից գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ

2022 թվականի դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ և մեղավոր ճանաչել Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի նախկին քննիչ Վ.Գ.-ին՝ գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու համար: Վերջինիս նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք՝ հանցանք կատարելու պահին նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով (1 միլիոն 20 հազար դրամ):

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում հիմնավորվել է, որ նախկին քննիչ Վ.Գ.-ն, նշված պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ: Ի թիվս այլնի՝ նա պարտականություն է ունեցել նաև ներկայացնել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր: Մինչդեռ 2020 թվականի հուլիսի 29-ին, ազատվելով պաշտոնից, Վ.Գ.-ն սահմանված ժամկետում՝ 30 օրվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2020 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը:

Վերջինս հայտարարագիրը չի ներկայացրել նաև հետագայում՝ Հանձնաժողովի կողմից համապատասխան ծանուցում ստանալուց հետո, ինչի արդյունքում 2021 թվականի սեպտեմբերի 2-ին հանձնաժողովը որոշել է Վ.Գ.-ի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Սակայն նախկին քննիչը, պատշաճ ծանուցված լինելով վարչական տույժի կիրառման մասին, դրանից հետո ևս սահմանված 30 օրվա ընթացքում դիտավորությամբ չի ներկայացրել հայտարարագիրը:

Ելնելով քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցներից՝ վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ Վ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում և 2022 թվականի սեպտեմբերի 5-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան:

Այս կապակցությամբ Դատախազությունը տեղեկացնում է նաև, որ գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու արարքի քրեականացումից (09.06.2017 թվականից) ի վեր՝ այդ հոդվածի հատկանիշներով քննված քրեական վարույթներից 3-ն ուղարկվել են դատարան. դրանցից երկուսով արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել