ՀՀ քննչական կոմիտեն այսուհետ ներկայացվածություն կունենա ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում։
Դեկտեմբերի 26-ին ուժի մեջ է մտել «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022թ. նոյեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքը, որով ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմն ընդլայնվել է. նախկին 7-ի փոխարեն այն այլևս կազմված կլինի 13 անդամից։
Կատարված օրենսդրական փոփոխությամբ, բացի արդարադատության նախարարից կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալից, երեք դատախազից և 3 դատավորից, կառավարման խորհրդում ընդգրկվում են նաև երեքական ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ՀՀ քննչական կոմիտեից և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Խորհրդի կազմի ընդլայնումը պայմանավորված է նրանով, որ Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում են անցնում ոչ միայն դատավորների, դատախազների թեկնածուների հավակնորդներ, գործող դատավորներ և դատախազներ, այլ նաև՝ քննչական նշված մարմինների քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք և քննիչներ։ Այս հանգամանքն առաջացնում էր ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին ևս իրենց մասնագետների պատրաստման գործընթացը կազմակերպող մարմնի կառավարմանը մասնակից դարձնելու կարիք։
Կառավարման խորհրդում ներկայացվածությունը ՀՀ քննչական կոմիտեին հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ արձագանքելու իր մասնագետների պատրաստման և վերապատրաստման ընթացքում առաջացող խնդիրներին, մասնագիտական տեսանկյունից կանոնակարգելու քննիչներին վերաբերող գործընթացները։
ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ արդարադատության ակադեմիայի միջև ծավալվել է արդյունավետ և հիմնարար համագործակցություն։ ՀՀ քննչական կոմիտեի մասնագետները նաև որպես վերապատրաստողներ են ներգրավված Արդարադատության ակադեմիայում իրականացվող դասընթացներում։