Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր անելու համար քրեական պատասխանատվություն սահմանելուն

Կառավարությունը դեկտեմբերի 29-ին հավանություն տվեց Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։

Նշվում է, որ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները պատասխանատվություն են սահմանում սահմանադրական կարգը տապալելու, տարածքային ամբողջականությունը խախտելու՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու համար, ինչպես նաև իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչի համար:

Ըստ նախագծի հիմնավորման՝ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ:

Հիմնավորմա մեջ նաև նշվում է, որ հեղինակավոր միջազգային փաստաթղթերում և ՄԻԵԴ դատական պրակտիկայում պետական անվտանգության պաշտպանության նպատակով խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը և պատասխանատվության սահմանումն ինքնին իրավաչափ է համարվում, եթե կարծիքի արտահայտումը (հրապարակային կոչը, ելույթը, հոդվածը և կարծիքի արտահայտման այլ ձևերը) ուղղված է բռնության հրահրմանը կամ դրա սպառնալիք է պարունակում:

«Համեմատական փորձի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ եվրոպական պետությունների քրեական օրենսգրքերում առանձին պատասխանատվություն է նախատեսված պետության ինքնիշխանության դեմ ուղղված բռնի գործողությունների և դրանց հրապարակային կոչերի համար»,- ասվում է հիմնավորման մեջ։

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ նախագծի՝ դրական եզրակացություն ստանալու դեպքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու․

  • ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը, դրանք են բռնություն գործադրելու կամ բռնություն գործարելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմափակելուն ուղղված գործողությունները,
  • նման գործողություններ կիատարելուն ուղղված հրապարակային կոչերը։

«Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչև կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։

Իսկ եթե այդ կոչերը կատարվեն՝ օգտագործելով հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կա՛մ ԶԼՄ-ները, կա՛մ տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա կարող է սպառնալ մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում»,- ասաց Մինասյանը։

Օրենսդրական նախա­ձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել