Ակտիվիստները պահանջում են ապօրինություններ թույլ տված ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել

«Երթ ոստիկանության զանգվածային ռեպրեսիայի դեմ» ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել Կոմիտաս 5-ի և Երևանի քաղաքապետարանի հայտնի դեպքերի հետ կապված և նշել, որ իրենք օգոստոսի 27-ին, երեքշաբթի օրը, 13:00-ին անցկացնելու են ցույց Նալբանդյանի վրա գտնվող ոստիկանության դիմաց, այնուհետև երթով շարժվելու են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն։ Տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Սույն թ-ի օգոստոսի 24-ին ցերեկը 26 հոգի բերման է ենթարկվել Կոմիտաս 5-ից, 16 հոգի էլ երեկոյան քաղաքապետարանի մոտից։ Այսինքն ընդհանուր հաշվով մի օրվա մեջ առանց իրավական հիմնավորման ոստիկանությունը 40-ից ավելի մարդու բերման ա ենթարկել ոստիկանական բաժանմունք և երեք ժամ, երբեմն անգամ ավելի, նրանց պահել անազատության մեջ։ Բացի դրանից ոստիականությունը բռնություններ է կիրառել քաղաքացիների նկատմամբ, կան լուրջ մարմնական վնասվաքներով քաղաքացիներ, նրանց թվում՝ Արգիշտի Կիվիրյանը։ Սա հստակ ՌԵՊՐԵՍԻԱ է, որն արվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՄԱՆՈՎ։ Ավելին, ոստիկանության անգործության պայմաններում քաղաքապետարանի հարակից տարածքում Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին կեսգիշերն անց ծեծի են ենթարկել անհայտ անձինք՝ ասելով «մեր հերերի դե՞մ եք հելել»։

Հանրությունը կտա ոստիկանների անօրինական գործողությունների և քաղաքական ռեպրեսիայի պատասխանը, որի առիթով օգոստոսի 27-ին, երեքշաբթի օրը, 13:00-ին տեղի կունենա ցույց Նալբանդյանի վրա գտնվող ոստիկանության դիմաց, այնուհետև՝ երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն։ Պահանջը՝ ապօրինություններ թույլ տված ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն է։

Այս պահին չափազանց կարևոր է սոլիդարությունը, մոբիլիզացիան և իրավական հարթության մեջ աշխատանքը։ Ոստիկանական նման գործելաոճի և բռնությունների զոհ կարող է դառնալ քաղաքացիական կեցվածք ունեցող ցանկացած մարդ։

Բոլորին խնդրում ենք հրավիրել ձեր ընկերներին, տարածել իվենթը և մասնակցել»։

 

Լուսանկարը` «Երթ ոստիկանության զանգվածային ռեպրեսիայի դեմ» ֆեյսբուքյան խմբի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել