Օմբուդսմենի արձագանքը Երևանի քաղաքապետարանի և Կոմիտաս 5-ի հայտնի դեպքերի մասին

Կոմիտաս փողոցում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը նոր ցավ և դարձյալ հիասթափություն էր մեզ համար: Հատկապես հիասթափեցնող էր առանձին ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն պահվածքը: Միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Արդեն պատրաստ է և այսօր կուղարկվի մեր պաշտոնական հարցումը Ոստիկանությանը: Ի թիվս այլ հարցերի մենք հատկապես ցանկանում ենք պարզել Արգիշտի Կիվիրյանի և այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության համաչափությունը: 

Ինչ վերաբերում է առանձին քաղաքացիների կողմից ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցույց տալու արարքներին, վերջնական գնահատական տալու իրավասությունը տրված է բացառապես դատարանին: Ցավոք, ներկայիս դատական համակարգի վերնախավի պարագայում նմանատիպ գործերով քչերն են ակնկալում արդար դատաքննություններ: Հաճախ դատարանների նկատմամբ արդարացի անվստահությունն է մեր քաղաքացիներին ստիպում դիմել ինքնիրավչության և ապօրինությունների, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց իրավական տեսանկյունից անթույլատրելի ու դատապարտելի է: 

Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիաների մասնակից Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ծեծի կապակցությամբ և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները կիրականացնեն ոչ խտրական և բազմակողմանի քննություն, որի արդյունքում կբացահայտվեն բոլոր իրական մեղավորներն ու կենթարկվեն պատասխանատվության:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել