Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
« Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի ապրիլի 27-ի N 434-Ա որոշման 4-րդ կետը՝
1. Ստեղծել տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել աշխատանքային խմբի գործունեության ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի»։
N 1 հավելված
Տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խմբի կազմը՝
- Գ. Խաչատրյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն,
- Գ. Պետրոսյան – ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման բաժնի պետ,
- Հ. Ավետիսյան – ՀՀ կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի դրամավարկային քաղաքականության վարչության պետ (համաձայնությամբ),
- Ա. Շահինյան – «Տնտեսական հեռանկարների կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահի օգնական (համաձայնությամբ),
- Ա. Հովսեփյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան։
N 2 հավելված
1. Սույն ընթացակարգը կարգավորում է աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման և գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն ընթացակարգով:
3. Աշխատանքային խումբը ձևավորվում է տնտեսական քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) աշխատանքների արդյունավետության ապահովման, ինչպես նաև խորհրդի գործունեության համար խորհրդի կողմից հայցվող տեղեկատվության, առկա վերլուծական նյութերի և փաստաթղթերի համակարգման, ամբողջացման և վերամշակման նպատակով։
4. Աշխատանքային խումբը «Տնտեսական հեռանկարների կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) հետ համատեղ կատարում է խորհրդի կողմից հայցվող տեղեկատվության վերամշակում, որից հետո հիմնադրամը տեղեկատվությունը տրամադրում է խորհրդի անդամներին, ինչպես նաև խորհրդի նախագահ ՀՀ վարչապետին։
5. Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգվում է հիմնադրամի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանի կողմից։
6. Խորհրդի անդամներն իրենց գործունեության իրականացման նպատակով առանձին դեպքերում կարող են դիմել հիմնադրամին՝ այլ անհրաժեշտ տեղեկատվություն, առկա վերլուծական նյութեր կամ այլ փաստաթղթեր (այսուհետ՝ հայցվող տեղեկատվություն) ստանալու նպատակով։
7. Հիմնադրամը դիմում է աշխատանքային խմբին՝ հայցվող տեղեկատվությունը ստանալու նպատակով։
8. Աշխատանքային խումբը հնարավորինս սեղմ ժամկետներում հիմնադրամին է տրամադրում հայցվող տեղեկատվությունը։
9. Իր գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով՝ աշխատանքային խումբը կարող է իր յուրաքանչյուր առանձին գործառույթի իրականացումը պատվիրակել իր կազմից ընտրված անձի կամ անձանց, ովքեր պատասխանատու կլինեն պատվիրակված գործառույթի պատշաճ իրականացման համար։
10. Իր գործառույթների շրջանակներում աշխատանքային խումբը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ կազմակերպություններին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով։