Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ելույթ ունենալով Վերածննդի հրապարակում, նշեց, որ առաջին անգամ է այսքան մարդկանց առջև ելույթ ունենում։
«Պատրաստվում էի ռուսերեն խոսել, դա ինձ ավելի հեշ է, բայց գտնվելով այստեղ, հասկանում եմ՝ ահնարին է։ Ասելու եմ այն, ինչը գա իմ սրտից։ Ես հպարտ եմ և շնորհակալ եմ, որ այսօր ձեր հետ միասին այստեղ եմ գտնվում և դուք ինձ հիացնում եք։ Հպարտանալու է, երբ մարդիկ ընդունում են այս իրավիճակը և ասում են՝ մենք պատրաստ ենք պայքարել։ Եթե մենք հավատանք մեր առաջնորդներին մենք պատրաստ ենք ամեն ինչին էլ դիմակայելու։ Երեկ գնացել էի շուկա, մի կին ասաց՝ մենք կդիմանանք, միայն թե հավատանք, որ մեզ չեն խաբելու, միայն թե հավատանք, որ մենք իրար հետ միասին ենք։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ մենք միասին ենք»,-նշեց նա։
Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ 35 տարի պայքարի մեջ են, շրջափակումը շարունակվում է 35 տարի։
«Ամեն օր, առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերը ժամը 2-ը մենք աշխատում են, որ կարողանանք հաղթահարել դժվարությունները։ Մենք գիտենք բոլոր խնդիրների մասին, որոնք կան։ Հարևան երկիրը, որն «էկոակտիվիստներ» է ուղարկել, պետք է մեզնից օրինակ վերցնի, մենք ենք իրենց սովորեցնելու, թե ոնց պետք է իրենք ապրեն։ Իրենք չեն հասկանում, թե ում հետ են շփվում, իրենք չեն հասկանում մեր ուժը այն է, որ մենք կարող ենք այսպես հավաքվել և հանգիստ խոսել։ Ճշտը պետք է հանգիստ կիսվենք իրար հետ։ Մենք դասը քաղել ենք, որ մեր մեջ ուժ գտնենք և գնանք նոր ճանապարհով, մեր սերունդների արած գործը ջուրը չի ընկել, ուղղակի մի քիչ պետք է ուղղենք և գնանք առաջ։ Մենք բոլորս մի նավի մեջ ենք և շատ կարևոր է, որ մենք իրար հավատանք և հարգենք մեր պետությունը։ Մեր ամենամեծ ուժն այն է, որ մենք ունենք պետություն։ Մի օրենք կա․ երբ քեզ սեղմում են, դու ուժեղանում և հետ ես հրում կամ՝ փախնում ես, մենք իրավունք չունենք փախնելու, մենք պետք է ընդդիմանանք, պետք է մեր ուժն իրենց ցույց տանք։
Արցախը հայկական աշխարհի արմատն է, ասեմ ավելին, առանց չափազանցնելու՝ Արցախն ամբողջ աշխարհի արմատն է։ Հավատացեք մարդուն, ով 120-ից ավել երկրներում եղել է՝ Արցախն ամենից սքանչելի տեղն է աշխարհում, ես ձեեզ դա վստահորեն եմ ասում։ Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի 2-ին, ես այստեղ եմ, ես պայքարում եմ ու ես այստեղից չեմ գնալու ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին։
Եկեք հրաշքի չսպասենք, հրաշք չի լինելու, մեզ սպասվում է շատ ծանր ճանապարհ, ես չեմ ուզում ձեզ հույս տալ, որ ամեն ինչ հեշտ է լինելու, այդ ճանապարհը մենք անցնելու ենք բոլորս միասին, և՛ քրտինք է թափվելու, և՛ արյուն, և՛ շատ աշխատանք է պահանջվելու, բայց եթե մենք մեր մեջ զգանք ուժը, որ իրար հավատում ենք, որ գիտենք մեր նպատակը ես վստահ եմ, որ այդ ժամանակ մենք ենք օգնելու աշխարհին»,-նշեց Ռուբեն Վարդանյանը։