Իմ խորին շնորհակալությունն ու անսահման երախտիքն եմ հայտնում Լիոնին, Մարսելին և Փարիզին․ Հրաչյա Սարգսյան

Իմ խորին շնորհակալությունն ու անսահման երախտիքն եմ հայտնում Երևանի քույր քաղաքներ Լիոնին ու Մարսելին և Երևանի գործընկեր` ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզին Հայաստանի և Արցախի համար այս ծանր ժամանակներում, երբ օրեր շարունակ ադրբեջանցիների կողմից փակված է պահվում Արցախի համար կյանքի և հույսի միակ ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը, նրանց ազնիվ և սրտագին աջակցության համար՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի միջև անխափան ճանապարհային հաղորդակցության վերականգնման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Անչափ բարձր եմ գնահատում ֆրանսիացի մեր գործընկերների՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ համատեղ կոչ-հոդվածով հանդես գալու արդարամիտ դիրքորոշումն ու մարդասիրական նախաձեռնությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու արիթով։

Ինչպես Փարիզի, Լիոնի, և Մարսելի քաղաքապետերը, այնպես էլ մենք հայցում ենք, որ մեր բարեկամ Ֆրանսիան և Եվրամիությունը հնարավորինս արագ և խիստ գործողություններով կարձագանքեն ստեղծված հումանիտար աղետը վերացնելու և լարված իրավիճակը հանգուցալուծելու համար՝ ի աջակցություն և ի փրկություն Արցախի խաղաղ բնակչության։ Միասնաբար պետք է թույլ չտանք, որ ալիևյան բռնապետական վայրագ վարչակարգը իր հայատյաց քաղաքականությամբ շարունակաբար սպառանա տասնյակ հազարավոր անմեղ խաղաղ մարդկանց կյանքին և ազատությանը։

Խիստ կարևորում և արժևորում ենք ֆրանսիացի մեր գործընկերների՝ ադրբեջանական կողմի հիշյալ անմարդկային վերաբերմունքի և 2020թ. Նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման համար Բաքվի վարչակարգի անվերապահ դատապարտումը, և ևս մեկ անգամ երախտիքի մեծ զգացումով և ակնածանքով մեր շնորհակալությունն ենք հայտնում Ֆրանսիային մեզ համար այս բարդ ժամանակահատվածում Հայաստանին և Արցախին զորավիգ և աջակից լինելու համար»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել