Ֆրանսիայի խոշորագույն երեք քաղաքների՝ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը «Լիբերասյոն» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ հայցելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու կապակցությամբ։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր հարթակում հրապարակել է հոդվածի հայերեն թարգմանությունը: Հոդվածում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը դարձել է Բաքվի ռեժիմի կազմակերպած շրջափակման զոհը, որն աստիճանաբար շնչահեղձ է անում վերջինիս։ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը հայցում են, որ Ֆրանսիան և Եվրամիությունը հնարավորինս արագ արձագանքեն՝ ի աջակցություն Արցախի՝ հստակ գործողություններով:
«Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը նոր ուժգնություն ստացավ դեկտեմբերի 12-ին, երբ պաշտոնական Բաքվի կազմակերպմամբ արգելափակվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դրան զուգահեռ, մինչև նախորդ ուրբաթ օրը, Ադրբեջանը փակել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի գազի մատակարարումը՝ վկայելով դրանով իսկ Հարավային Կովկասի պաշարված այս փոքրիկ Հանրապետությունը շնչահեղձ անելու իր կամքի մասին: Սակայն, արեւմտյան կառավարությունների համախմբումը, և մասնավորապես Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը դրդեցին Բաքվին վերսկսել գազի մատակարարումը և դրանով իսկ բարեբախտաբար խուսափել իրավիճակի վատթարացումից՝ ցուրտ ձմեռվա այս նախաշեմին:
Իրավիճակն, այնուամենայնիվ, մնում է անընդունելի և Ֆրանսիան չի կարող հանդուրժել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (որի տարածքների մի մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից) բնակվող հարյուր քսան հազար հայերին սպառնացող անդադար վտանգը: Ֆրանսիան չի կարող նրանց թողնել բռնապետ Իլհամ Ալիևի քմահաճույքին, ով երկու տասնամյակ ի վեր խրախուսում է հայատյաց քաղաքականությունը:
Ֆրանսիայի Սենատը, ապա՝ Ազգային ժողովը, վերջերս ֆրանսիական կառավարությանը կոչ արեցին կառուցվածքային միջոցներ ձեռք առնել:
Այս համատեքստում, մենք կոչ ենք անում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին պաշտոնապես հանդիպել Արցախի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներին: Դրան զուգահեռ,կոչ ենք անում անվերապահ դատապարտել Բաքվի վարչակարգին, որն իր ԱԳ Նախարարի շուրթերով հայտարարել է, որ Ադրբեջանն այլևս ոչինչ չի բանակցելու ԼՂ հարցով, ի խախտումն իր իսկ՝ մասնավորապես 2020 թ նոյեմբերի 9-ի շրջանակում, ստանձնած միջազգային պարտավորությունների:
Մենք հայցում ենք նաև նախաձեռնել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների եվրոպական քաղաքականություն, ինչպիսին որդեգրվել է Ռուսաստանի դեմ՝ սկսելով օրինակ, սառեցնել ադրբեջանցի ղեկավարների եւ օլիգարխների՝ մեր երկրում պահվող ակտիվները:
Եվ քանի որ այս վարչակարգն այլեւս չի կամենում բանակցել, մենք հայցում ենք, որ Ֆրանսիան որդեգրի թափանցիկ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, մասնավորապես ապակենտրոնացված համագործակցության եզրույթում, որպեսզի մեր մարզերը, դեպարտամենտները և քաղաքները, Փարիզի, Լիոնի, Մարսելի կամ և այլ տեղական ինքնակառավարման մարմինների օրինակով, կարողանան համախմբել մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսներ՝ օգնության ձեռք մեկնելով Արցախին իրար հաջորդող հակամարտությունների հետևանքով քանդված բազմաթիվ ենթակառուցվածքների վերականգնման համար:
Մենք հայցում ենք նաև, որ Ֆրանսիան մասնակցի Ստեփանակերտի օդակայանի վերագործարկմանը. օդային այս կամուրջը թույլ կտա նվազեցնել շրջափակման հետևանքները և թեթևացնել հազարավոր խաղաղ բնակչության կյանքը, որոնց միակ մեղքը կայանում է սեփական հողում ապրելու կամքի մեջ:
Հաստատակամ համոզված լինելով, որ Ֆրանսիայի դիվանագիտությունը պետք է մեծ դերակատարում ունենա՝ կոչ ենք անում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին և ԱԳ Նախարարին շարունակել գործադրել ջանքեր, դրանք համադրելով մեր գործընկերների հետ, տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու և, միջազգային իրավունքին համահունչ, ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն ապահովելու համար»,- նշված է հոդվածում:
Քաղաքապետերը նաև հայցել են, որ Ֆրանսիան և Եվրամիությունը մեծ հեռատեսություն ցուցաբերեն Ադրբեջանի հետ համագործակցության և առևտրական համաձայնագրեր կնքելիս: Նշել են, որ Ուրսուլա Վան դեր Լեյենի՝ Բաքվից գազամատակարարում ստանալու նախաձեռնությունը նրանց ավելի քան անհանգստացնում է: Իրենց խոսքով՝ անհանգստացնում է հատկապես այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության դեմ տարվող հակամարտության ֆինանսավորումը կարող է չդատապարտվել և կոշտ հակադրության չարժանանալ Ֆրանսիայի ղեկավարների կողմից: