Ի՞նչ պատիժ է նախատեսված ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողի համար. Գլխավոր դատախազություն

Հսկող դատախազի որոշմամբ՝ ահաբեկչության վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու համար քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով փաստվել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին, Երևան քաղաքի Գայի պողոտայում գործող բանկի մասնաճյուղում, Ա.Ղ.-ն 11 հազար 700 ռուբլի գումար է փոխանցել Ռուսաստանում բնակվող իր կնոջը՝ Ն.Խ.-ին: Օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին, տեղեկանալով, որ գումարը չի փոխանցվել, ժամը 21:25-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի տարածքից իր հեռախոսահամարից զանգահարել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և սպառնալիքներ հնչեցրել՝ բանկի մասնաճյուղը նռնակներ նետելու եղանակով պայթեցնելու վերաբերյալ՝ տարածելով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ:

2022 թվականի դեկտեմբերի 9-ին քրեական հետապնդման մասին որոշումը ներկայացվել է Ա.Ղ.-ին, որն իրեն մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում: Որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

2022 թվականի դեկտեմբերի 16-ին քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ ներկայացնելը քրեորեն հետապնդելի արարք է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ելնելով վերը նշվածից՝ Գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելուց:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել