ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
23 տարի առաջ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որով և դրվեց երկրում անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
23 տարի առաջ այս օրը տոն էր բոլորի համար, բոլորն էին հպարտ, որ հենց իրենց սերնդին է վիճակված կերտելու անկախ, ժողովրդավարական, իրավական հասարակարգ Հայաստանում:
Միայն, թե ոչ բոլորն էին պատկերացնում, որ այդպիսի երկիր ունենալու համար ոչ մեկ օրը, ոչ մեկ տարին բավարար չէ, որ ժողովրդավարական և իրավական պետություն ունենալու համար համառ, երկարատև ու հետևողական պայքար է պետք՝ չմոռանալով, որ մեզանից յուրաքանչյուրը առաջին հերթին հենց իրենից պետք է սկսի, մշտապես հիշելով նաև, որ օգոստոսի 23-ը տոն է բոլորիս համար, տոն՝ որը մարմնավորում է անկախ պետականություն ունենալու մեր դարավոր ձգտումը:
Օգոստոսի 23-ը տոն պետք է լինի առաջին հերթին մեզանից յուրաքանչյուրի հոգու համար՝ անկախ դժվարություններից, երբեմն նաև որոշ հիասթափություններից: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ: