Հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին համապատասխան:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը՝ կատարողական թերթին համապատասխան:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի տեղեկություններ` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված կարգով: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը ուղարկվում է պարտապանին և պահանջատիրոջը ծանուցումը հրապարակելուց առնվազն տասն օր առաջ:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք ինտերնետ կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում կամ վճարում ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին և գրանցվում են համակարգում:
Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը:
Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է ծառայության դեպոզիտ հաշվին:
Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը ապասառեցվում է, իսկ կանխիկ մուծվածը կամ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը վերադարձվում է երեք բանկային օրվա ընթացքում:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո՝ 3 բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Հաղթողի կողմից գնման գինը չվճարվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է ծառայության դեպոզիտ հաշվում:
Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:
Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքվելու դեպքում գնման գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է ծառայության դեպոզիտ հաշվին:
Լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը: