Իմացե՛ք ավելին խնամատար ընտանիքի մասին

Երեխայի (երեխաների) դաստիարակությունը կարող է իրականացվել խնամատար ընտանիքում` երեխային (երեխաներին) ընտանիք դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի հիման վրա:

Խնամատար ընտանիքը առանց ծնողական խնամքի մնացած երեխայի (երեխաների) դաստիարակության համար տեղավորման ձևերից մեկն է:

Քաղաքացիները (ամուսինները կամ առանձին անձինք), որոնք ցանկություն են հայտնել դաստիարակության վերցնել առանց ծնողական խնամքի մնացած երեխա (երեխաներ), համարվում են խնամատար ծնողներ: Խնամատար ընտանիք դաստիարակության համար հանձնվող երեխան (երեխաները) համարվում է հոգեզավակ, իսկ խնամատար ծնողներից և հոգեզավակներից կազմված ընտանիքը` խնամատար ընտանիք:

Երեխային (երեխաներին) ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կնքվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ու խնամատար ծնողների (ամուսինների կամ առանձին քաղաքացիների, ովքեր ցանկանում են դաստիարակության նպատակով երեխաներին վերցնել իրենց ընտանիք) միջև:

Խնամատար ընտանիքի մասին կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Երեխային (երեխաներին) խնամատար ընտանիքում դաստիարակվելու նպատակով հանձնում են մինչև նրա չափահաս դառնալը՝ պայմանագրով նախատեսված ժամկետով։

Դաստիարակության համար երեխային (երեխաներին) ընտանիք հանձնելու մասին պայմանագրով պետք է նախատեսվեն երեխայի (երեխաների) ապրուստի, դաստիարակության և կրթության պայմանները, խնամատար ծնողների իրավունքներն ու պարտականությունները, խնամատար ընտանիքի նկատմամբ խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտականությունները, ինչպես նաև այդ պայմանագրի դադարման հիմքերն ու հետևանքները։

Հոգեզավակների խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներին տրվող վարձատրության չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դաստիարակության համար երեխային (երեխաներին) ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել խնամատար ծնողների նախաձեռնությամբ, հարգելի պատճառների (հիվանդություն, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխում, երեխայի (երեխաների) հետ փոխըմբռնման բացակայություն, երեխաների միջև բախումներ և այլն) առկայության դեպքում, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի նախաձեռնությամբ՝ խնամատար ընտանիքում երեխային (երեխաներին) պահելու, դաստիարակելու և կրթության համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ երեխային (երեխաներին) ծնողներին վերադարձնելու կամ երեխային (երեխաներին) որդեգրելու դեպքերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել