Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ապօրինի կառույցների խնդրի մասին։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ապօրինի տեղադրված կրպակն ապամոնտաժելը կարող է տարիներ և տասնամյակներ տևել․ «Օրինակ, եթե որևէ մեկը մի գիշերվա ընթացքում որոշի Հանրապետության հրապարակի կենտրոնում կրպակ տեղադրել, հետո կարող է պարզվել, որ պետք է տարիներով դատական գործընթաց անցնենք, որ այդ կրպակը հանենք»։
Փաշինյանը հիշեցրել է, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության գիշերը, երբ ոմանք, մտածելով, թե իշխանափոխություն է տեղի ունենալու, մեկ գիշերվա ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի կեսում կրպակներ տեղադրեցին․ «Ես շատ ուրախ եմ, որ կամք ցուցաբերեցինք, և իմ հրահանգով այդ բոլոր կրպակները մի քանի օրվա ընթացքում ապամոնտաժվեցին: Դեպքեր ունենք, որ անձը Երևան քաղաքի զբոսայգում ժանգոտված կրպակ է տեղադրել 20-30 տարի առաջ, և մինչև հիմա մեր պետական մարմիններն, այսպես ասած՝ 500-600 կիլոգրամի չափով թուղթ են գրել այդ ապօրինի կառույցի վերաբերյալ»։
Վարչապետը խիստ կարևորեց ապօրինի կառույցների խնդրի լուծման համար օրենսդրական կարգավորումներ գտնելը և քաղաքական որոշում կայացնելը․ «Ի վերջո, հանրային շահը չի կարող ստորադասվել մեկ կրպակի նկատմամբ որևէ իրավունք ունեցող անհատի շահին: Մենք պետք է այդ խնդիրները լուծենք՝ կայացնելով նաև քաղաքական որոշումներ:
Եթե այս համատեքստում նաև սրա հետ կապված օրենսդրական փոփոխությունների կարիք ունենք, եկեք անենք այդ օրենսդրական փոփոխությունները, որովհետև երբեմն տպավորություն եմ ստանում, որ մեր օրենսդրական կարգավորումները ոչ թե օրինականությունը, այլ՝ ապօրինությունները պաշտպանելու համար են: Չի՛ կարելի այդպես շարժվել: Չի՛ կարող հանրային շահը ստորադասվել անհատական շահին: Պետք է գտնել օրենսդրական լուծումները»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: