Կրակոցներ Նոր Նորքում․ մեկ անձ ձերբակալվել է

Նոյեմբերի 13-ին, ժամը 16.14-ին, «1-02» ծառայությունում ստացվեց խուլիգանության վերաբերյալ առաջին ահազանգը: Մի քաղաքացի հայտնում էր, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածում անհայտ անձը պարբերաբար կրակում է: Մեկ րոպե անց ստացվեց նոր ահազանգ. այս անգամ մեկ այլ քաղաքացի հավելեց, որ այդ անհայտ անձը ոչ սթափ վիճակում է հրազենից կրակում:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ շտապ մեկնեց օպերատիվ խումբ: Վտանգն իրական էր` հրազեն անսթափ մարդու ձեռքին. հարկավոր էր կանխել հնարավոր զարգացումները: Քաղաքացիների նշած վայրում իրավապահները ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին մայրաքաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց 7,62 տրամաչափի 24 փամփուշտ: Շենքի բակի և հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվեց ատրճանակի 33 պարկուճ և այլն:

Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, տղամարդը ներկայացվեց քննչական բաժին:

Նոր Նորքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին են ներկայացվել 44-ամյա տղամարդու «Կոլտ» տիպի թմբուկավոր ատրճանակը, «Մակարովի» նմանվող ատրճանակ, ևս մեկ ատրճանակ և «ՎԵՊՐ» տիպի ինքնաձիգ, նաև` 66 փամփուշտ, 1 պարկուճ, 2 փամփշտատուփ:

Տղամարդը ձերբակալվել է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել