Նոտարի իրականացրած նոտարական կամ այլ գործողությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է արդարադատության նախարարությունը՝ նախարարի սահմանած կարգով:
Վերահսկողության իրականացման նպատակով կարող են նոտարից պահանջվել անհրաժեշտ փաստաթղթեր կամ այլ նյութեր:
Արդարադատության նախարարի գրավոր պահանջով կարող են վերցվել նոտարի մոտ պահվող նոտարական ակտերը: Նոտարի մոտ ստուգումներ կատարելուց առաջ այդ մասին նախօրոք հայտնվում է նոտարական պալատ, որի ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցել ստուգումներին:
Նոտարի մոտ ստուգումներն իրականացվում են արդարադատության նախարարի կամ նոտարական պալատի նախաձեռնությամբ:
Նոտարի՝ իրականացվող և իրականացրած այլ գործունեության նկատմամբ պետական մյուս մարմինները վերահսկողություն կարող են իրականացնել միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:
Նոտարի գործողությունների նկատմամբ հսկողություն իրականացնող այլ մարմինները նոտարի մոտ ստուգումներ կատարելուց առաջ այդ մասին պետք է հայտնեն արդարադատության նախարարին և նոտարական պալատ:
Նրանց պետք է ուղարկվեն նաև ստուգումների արդյունքների վերաբերյալ ակտերի (արձանագրությունների) պատճենները: