Կալանավորված անձանց և դատապարտյալներին բուժական ուղղիչ հիմնարկում պահելու պայմանների առանձնահատկությունները

Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին բուժական ուղղիչ հիմնարկում անջատ պահելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներից բացի կիրառվում են նաև այլ չափորոշիչներ, որի անհրաժեշտությունը բխում է բուժական և առողջապահական խնդիրների իրականացման առանձնահատկություններից, հիվանդությունների տեսակներից ու բնույթից:

Կալանքի դատապարտված զինծառայողների նյութակենցաղային և բուժսանիտարական ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով: Կալանքի դատապարտված և հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող զինծառայողները պահախմբի հսկողությամբ փոխադրվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում են հատուկ հիվանդասենյակներում: Կալանավորված անձի կամ դատապարտյալի աշխատանքը կազմակերպվում է համաձայն բժշկական ցուցումների` ըստ նրա աշխատունակության աստիճանի և բուժական ուղղիչ հիմնարկի պայմաններում նրան համապատասխան աշխատանքում ներգրավելու հնարավորության:

Առանձնապես ծանր հանցագործությունների համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալները բուժական ուղղիչ հիմնարկում պահվում են հատուկ առանձնացված և խցային հիվանդասենյակներում:

Բուժական ուղղիչ հիմնարկի օրվա կարգացուցակը ներառում է բուժական միջոցառումներ: Կալանավորված անձանց և դատապարտյալների ներկայությունն ստուգվում է ըստ մեկուսացված մասերի կամ հիվանդասենյակների քանակական հաշվարկի և ազգանունների ընթերցման միջոցով` օրական 2 անգամից ոչ պակաս:

Երկարատև տեսակցությունները տրամադրվում են ըստ տվյալ դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունների, եթե նրա մոտ բացակայում են բժշկական հակացուցումները:

Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախցից բուժական ուղղիչ հիմնարկ է տեղափոխվել հիվանդության ձևացման (սիմուլյացիա) կամ անդամախեղության դեպքերի պատճառով, ապա բուժական ուղղիչ հիմնարկում նրա անցկացրած ժամանակահատվածը չի հաշվարկվում տույժը կրելու ժամկետի մեջ:

Անձնական կամ այլ շահադիտական դրդումներով ինքնախեղման և հիվանդության ձևացման դիմած կալանավորված անձի կամ դատապարտյալի վարքագիծը գնահատվում է որպես սույն կանոնակարգի պահանջների խախտում, և նրա նկատմամբ կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված տույժի միջոցները:

Ինքնախեղման և հիվանդության ձևացման (սիմուլյացիա) դրդապատճառները, մինչև դրանց համար համապատասխան տույժի միջոցներ կիրառելը, որոշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ իրականացված հոգեբանական կամ բժշկական քննության միջոցով համապատասխան մասնագետի տված եզրակացության հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել