Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի բացառապես հայկական օրակարգով․ Խաչատուր Քոքոբելյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի և Արցախի շուրջ վերջին օրերի զարգացումները, տարաբնույթ, իրարամերժ և երբեմն իրականությանը չհամապատասխանող և ապակողմնորոշող հայտարարությունները, առաջիկայում սպասվող և արդեն կարծես թե ուրվագծվող իրադարձությունները ցավալիորեն ապացուցում են, որ ՀՀ-ում տարբեր պատճառներով՝ այդ թվում աշխարհաքաղաքական մոտեցումներով և անթույլատրելի կաշկանդվածությամբ պայմանավորված, չկա Հայաստանի և Արցախի շահերից բխող, ՀՀ և Արցախի ժողովրդի անվտանգության և արժանապատիվ ներկային ու ապագային միտված օրակարգի միասնական ընկալում և հայկական օրակարգի ձևավորում, փոխարենը՝ խոսվում և քննարկվում է տարբեր կենտրոնների կողմից Հայաստանին պարտադրվող օրակարգերի մասին:

Աներկբա է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի ոչ թե տարբեր կենտրոնների շահերը սպասարկող և նրանց կողմից թելադրված օրակարգերով, այլ պետք է նախաձեռնի և հանդես գա բացառապես Հայաստանի և Արցախի շահերից բխող հայկական օրակարգով, որտեղ պետք է հաշվի առնվեն առնվազն հետևյալ դրույթները, որոնք պետք է լինեն ցանկացած բանակցային գործընթացում և դրանից բխող պայմանագրերում կարմիր գիծ Հայաստանի Հանրապետության համար.

1. Դեռևս 2021թ. մայիսից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերում ՀՀ ինքնիշխան տարածքից, ռազմագերիների և պահվող անձանց օր առաջ վերադարձ:

2. Անթույլատրելի է ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտմամբ ՝ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ ՀՀ ինքնիշխան տարածքում որևիցե իրավունքի զիջումը կամ վերահսկողության արտապատվիրակումը (outsource) որևէ այլ կառույցի կամ պետության: ՀՀ ինքնիշխան տարածքում ցանկացած վերահսկողություն պետք է իրականացվի բացառապես ՀՀ պատկան մարմինների կողմից:

3. ԼՂԻՄ տարածք հանդիսացող Շուշին և Հադրութը և մյուս հայկական բնակավայրերը պետք է ճանաչել օկուպացված տարածքներ:

4. Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հանդես գալ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային իրավունքի և անվտանգության երաշխավոր և միջազգային բոլոր հարթակներում և բանակցային գործընթացներում հանդես գա բացառապես այդ դիրքերից: Ադրբեջանի ակնհայտ հայատյաց և ագրեսոր քաղաքականությունը և Արցախի հայթափումը կանխելու, Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու կարևորագույն գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է:

5. Հայաստանի Հանրապետությունը չպիտի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը կոտնահարի Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը եւ ինքնորոշման միջազգային իրավունքը:

Բացի վերը նշված դրույթներից, անհրաժեշտ ենք համարում, որպես անվտանգության ապահովման մեխանիզմ, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայել ՄԱԿ-ի կողմից ընդունված միջազգային խաղաղապահ ուժեր, որոնք սահմանի ողջ երկայնքով կիրականացնեն մշտադիտարկում, այլապես տարածաշրջանը կարող է վերածվել ռազմական թեժ գործողությունների թատերաբեմի, որը կհանգեցնի պայթյունավտանգ և անդառնալի հետևանքների:

Հայ ժողովուրդը պետք է համախմբի իր ողջ ներուժը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, իր դաշնակից և բարեկամական երկրների աջակցությամբ՝ օգտագործելով միջազգային բոլոր ատյանները, հասնելու վերը նշված անհրաժեշտ նվազագույն խնդիրների լուծման, ինչը նաև հնարավորություն կտա տարածաշրջանում հասնել կայուն խաղաղության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել