Առաջարկվում է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնի Առողջապահության նախարարությունը

Արդարադատության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ նպաստելով բանտային առողջապահության ամբողջական ինտեգրմանը ազգային առողջապահական համակարգ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է հանդիսանում բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը:  Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարցերից:

Կարևորելով նշված ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և հիմքում ունենալով այն, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման խնդրի լուծումը մեծապես կախված է քրեակատարողական առողջապահական համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվեց և 2019 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում):

  • Որոշմամբ նախատեսվել են առանցքային հետևյալ փոփոխությունները.
  • Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվելու է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ նաև՝ ՊՈԱԿ) կողմից:
  • Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային, ներառյալ շարունակական հսկողության, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու բովանդակությունը համապատասխանեցվել է քաղաքացիների համար նախատեսված՝ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծավալին: Հատկանշական է, դրա արդյունքում կալանավորված անձինք և դատապարտյալները կցագրվել են քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով առավել մոտ գտնվող, լիցենզավորված, արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությանը, որտեղ իրականացվում են նեղ մասնագիտական ծառայությունները, այդ թվում՝ նաև լաբորատոր-գործիքային հետազոտությունները:
  • Դյուրինացվել է կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ՝ այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի վրա, ուղեգրման գործընթացից հանելով լրացուցիչ օղակներին: Ըստ այդմ՝ ուղեգրերի ձևաթղթերը տրամադրվում են ՊՈԱԿ-ին՝ հայտին նախորդող տարվա տվյալներով քրեակատարողական բոլոր հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների ընդհանուր թվի 70 տոկոսի չափով:
  • Սահմանվել է կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից սեփական միջոցների հաշվին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կարգը: Միջազգային չափանիշներին համապատասխան՝ նախատեսվել է, որ յուրաքանչյուր կալանավորված անձ և դատապարտյալ իրավունք ունի իր հաշվին և իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից՝ անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ ծառայությունների առկայության հանգամանքից:
  • Հիվանդությունների դասակարգման միջազգային (ICD) չափանիշին է համապատասխանեցվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը՝ այն տարածելով նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն խոչընդոտող հիվանդությունների վրա և նշված ցանկը դարձնելով կողմնորոշիչ՝ նախկին սպառիչ ցանկի փոխարեն:

Ներկայում ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող բժշկական օգնությունն ու սպասարկումը բոլոր քրեակատարողական հիմնարկներում հասանելի է 24/7 ռեժիմով: ՊՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումները հագեցած են առնվազն մեկ ընդհանուր պրակտիկայի բժիշկներով, բոլոր ստորաբաժանումներում կա ատամնաբույժ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել