Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, կալանքի, կարգապահական գումարտակում պահելու և որոշակի ժամկետով ազատազրկման ձևով պատժատեսակների կրումը դադարեցվում է պատժի ժամկետի վերջին օրը՝ հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք օրենքով սահմանված կարգով կարող են մտցվել պատժի ժամկետի մեջ։
Կալանքի, կարգապահական գումարտակում պահելու և որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը պատժից ազատվում է պատժի ժամկետի վերջին օրվա առաջին կեսին։ Եթե պատժի ժամկետն ավարտվում է ոչ աշխատանքային օրը, ապա դատապարտյալը պատժից ազատվում է դրան նախորդող օրը։ Պատժի ժամկետն ամիսներով հաշվելիս այն ավարտվում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը համապատասխան ամսաթիվ չունի, ապա այդ ամսվա վերջին օրը։
Դատավճիռը բեկանելու հետևանքով քրեական գործի կարճմամբ պատժից ազատված անձին պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը պարզաբանում է պատիժը կրելու ընթացքում կասեցված գույքային, աշխատանքային և այլ իրավունքների վերականգնման վերաբերյալ նրա իրավունքները։ Դատավճիռը բեկանելու հետևանքով քրեական գործի կարճմամբ պատժից ազատվելու վերաբերյալ փաստաթղթերի մեջ պետության անունից պաշտոնապես ներողություն է խնդրվում դատապարտյալից։
Դատապարտյալը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվում է համապատասխան փաստաթղթերը ստանալու օրը, իսկ եթե այդ փաստաթղթերը ստացվում են աշխատանքային օրվա ավարտից հետո՝ հաջորդ օրվա առավոտյան։
Դատապարտյալի ներում շնորհելու և պատժից ազատելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
Համաներում կիրառելու կարգը սահմանում է համաներման ակտն ընդունող մարմինը։
Հոգեկան կամ այլ ծանր հիվանդության կապակցությամբ պատժի հետագա կրումից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պատիժը կատարող հիմնարկի պետը։ Միջնորդության հետ միաժամանակ ներկայացվում են համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությունը և դատապարտյալի անձնական գործը։ Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձը պատիժը կրելուց ազատվում է այնպիսի հիվանդության դեպքում, որի հետևանքով նա համարվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի:
Հրդեհի, տեխնածին կամ տարերային աղետի, ընտանիքի միակ աշխատունակ անձի ծանր հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար դատապարտված անձի` պատժի հետագա կրումից ազատվելու վերաբերյալ միջնորդության հետ միաժամանակ պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմը դատարան է ներկայացնում տեղեկանքներ համապատասխան հանգամանքների վերաբերյալ և դատապարտյալի անձնական գործը:
Պատժից ազատվելիս դատապարտյալին հանձնվում են նրան պատկանող գույքը, անձնական փաստաթղթերը, այդ թվում՝ պատժից ազատելու վերաբերյալ փաստաթղթերը։