Որտե՞ղ պետք է տեղադրվեն աղբատար կոնտեյներներն ու աղբանոթները

Աղբատար կոնտեյներները տեղադրում են բնակելի և հասարակական շենքերից ոչ պակաս, քան 15մ և ոչ ավելի, քան 100մ հեռավորության վրա: Պուրակներում, զբոսայգիներում կոնտեյներները տեղադրում են մարդկանց զանգվածային կուտակման վայրերից ոչ պակաս, քան 50մ հեռավորության վրա: Հանգստի գոտիներում, լողափերում կոնտեյներները տեղադրվում են 3500-4000մ2 մակերեսին 1 կոնտեյների հաշվարկով:

Կոնտեյներները տեղադրում են բնակելի և հասարակական շենքերի բակային կամ միջբակային տարածքներում` փոխադրամիջոցի մոտեցման համար հարմար դիրքով, ջրանթափանց, հարթ, բարեկարգ մակերեսով հարթակների վրա: Հարթակը երեք կողմից ունենում է պատնեշ կամ մետաղյա դեկորատիվ ցանկապատ: Կոնտեյներները չեն տեղադրում փողոցների մայթերի և սիզամարգերի վրա:

Փողոցներում, այգիներում, պուրակներում, կայարաններում, շուկաներում, տոնավաճառներում, ստորգետնյա անցումներում, հրապարակներում, լողափերում տեղադրվում են աղբանոթներ, որոնք ունեն ոչ ավելի, քան 100 լ տարողություն:

Փողոցներում աղբանոթների միջև ապահովվում է ոչ ավելի, քան 70 մ հեռավորություն: Պուրակներում, զբոսայգիներում աղբանոթների քանակությունը որոշվում է 800 մ2 մակերեսին 1 աղբանոթի հաշվարկով: Գլխավոր զբոսուղիներում, ինչպես նաև լողափերում աղբանոթների միջև հեռավորությունը ընդունվում է 40 մ-ից ոչ ավելի: Լողափերում աղբանոթները տեղադրվում են ջրեզրից 10 մ հեռավորության վրա, 1600 մ2 մակերեսին 1 աղբանոթի կամ 50 մարդու համար` 1 աղբանոթի հաշվարկով:

Աղբանոթների տեղադրումը պարտադիր է մետրոյի, ավտոկանգառների, հասարակական տրանսպորտի կանգառների, ստորգետնյա անցումների, առևտուր իրականացնող օբյեկտների մուտքերի մոտ, զբոսայգիներում, պուրակներում, կայարաններում, շուկաներում, տոնավաճառներում, լողափերում, հանգստի գոտիներում և այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել