Այստեղ մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենցից բացի ոչ ոք չի կարող իրենց տունը պաշտպանել. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Մարտակերտի բնակիչների հետ

Մարտակերտում վարչակազմի ներկայացուցիչների և բնակչության հետ հանդիպումն իսկապես տպավորիչ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Մարտակերտը բավականին հեռու է Ստեփանակերտից, ու այդ պատճառով, ցավոք, բարձրաստիճան անձինք այստեղ հաճախակի հյուր չեն։ Երևում էր, որ բնակիչները բաց ու անկեղծ շփման կարիք ունեն:

Մարդիկ այստեղ ապրում են դժվարին պայմաններում, բայց ինձ զարմացրեց, որ նրանց հետաքրքրում են ոչ այնքան առօրյա խնդիրներն ու հոգսերը, որքան կրթությանը, ապագայի հեռանկարներին վերաբերող հարցերը:

Այստեղի բնակիչներն արժանի են մեծ հարգանքի: Հայրենիքի պաշտպանությունը, քաղաքացիական պարտքը նրանց համար պարզապես խոսքեր չեն, այլ՝ կենսակերպ: Դա իր օրինակով ցույց էր տալիս նաև Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը: Նա մեր հանդիպման նախօրյակին էր գործընկերների հետ վերադարձել դիրքերում հերթապահությունից:

Այստեղ մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենցից բացի ոչ ոք չի կարող իրենց տունը պաշտպանել»,- գրել է Վարդանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել