Մեր օրերում դժվար է մեզ պատկերացնել առանց ընկերների, մտերիմների, ծանոթների, և կյանքի ընթացքում, տարբեր միջավայրերում և իրավիճակներում մենք ձեռք ենք բերում նորերին:
Գրեթե բոլորս էլ նկատել ենք, որ մարդկանց հետ հետագա փոխհարաբերությունների արդյունավետությունը գրեթե միշտ պայմանավորված է առաջին հանդիպմամբ: Առաջին անգամ մարդուն հանդիպելիս, ծանոթանալիս կամ ներկայանալիս, նրա վրա դրական տպավորություն թողնելու համար անհրաժեշտ է պահպանել քաղաքավարության և պատշաճության կանոնները: Ծանոթանալն ու ներկայանալը սահմանող կանոնները բավականաչափ պարզ են ու մատչելի: Դրանց իմացությունը գործնական մեծ նշանակություն ունի:
Այսպես. օրվա ընթացքում մարդը կարող է բազմաթիվ կարճատև շփումներ ունենալ այլ մարդկանց հետ, սակայն պարտադիր չէ, որ յուրաքանչյուր դեպքում ներկայանա:
Սովորաբար ներկայանում են ոչ բոլոր իրավիճակներում, այլ այն դեպքում, երբ ներկայանալն անհրաժեշտ է և տվյալ դեպքում հարմար: Ամենից առաջ ներկայանում են կամ խնդրում են ներկայացնել այն անձին, որի հետ, հանգամանքների բերումով, պետք է շարունակվեն հետագա հանդիպումները: Նոր աշխատավայր գալով հարկավոր է ներկայանալ կամ ներկայացվել նոր գործընկերներին: Բազմամարդ հիմնարկներում, իհարկե, անիմաստ է յուրաքանչյուրին ներկայանալը:
Ներկայանալու կանոնները հաշվի չեն առնվում նաև փողոցում: Հապճեպ և թռուցիկ հանդիպման ժամանակ հարկ չկա ուղեկցին ներկայացնել, բայց, եթե խոսակցությունը երկարում է, ուղեկցին ևս պետք է մասնակից դարձնել զրույցին: Այս դեպքում հարկավոր է անծանոթներին ծանոթացնել միմյանց:
Ճամփորդելիս (գնացքում, ինքնաթիռում, նավում) պարտադիր չէ միմյանց ներկայանալը. այնտեղ կարող են իրար հետ զրուցել նաև անծանոթները: Երբ զրույցի ընթացքում հիշատակվում են ընդհանուր ծանոթների անուններ կամ ընդհանուր շահեր են շոշափվում, պետք է ներկայանալ միմյանց:
Մի քանի օրով հյուրանոցում բնակվելու ընթացքում սեղանի շուրջը մարդկանց հանդիպելիս ծանոթանալը պարտադիր չէ, կարելի է սահմանափակվել գլխի թեթևակի խոնարհումով սեղանակիցներին բարևելով:
Հանրակացարանում, առողջարանում, հանգստյան տանը և այլ հասարակական վայրերում, ուր մարդիկ երկար ժամանակ ապրում են համատեղ, միմյանց հետ պետք է ծանոթանալ ընդհանուր ծանոթի միջոցով կամ` ինքնուրույն ներկայանալով:
Առանձին մարդուն անպայման ներկայացնում են խմբին, դասախոսին` լսարանին, նոր ուսուցչին՝ դասարանին, ժողովում ելույթ ունեցողին՝ ժողովի մասնակիցներին: Որպես կանոն, դասախոսին ներկայացնում է դասախոսության կազմակերպիչը, նոր ուսուցչին՝ դպրոցի տնօրենը կամ դասղեկը, ժողովում ելույթ ունեցողին՝ ժողովի նախագահողը, և այլն:
Չմոռանանք, ինչպես ասում են, առաջին հանդիպումը միշտ տպավորիչ է:
Հանրային թղթակից՝ Սոնա Հարությունյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net