Հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիան՝ վրաստանյան մամուլում․ Aliq.ge

44-օրյա պատերազմից երկու տարի անց հերթական բախումները կապված են Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ․ Բաքուն պարզ ասում է, թե չկա Ղարաբաղի հարց, սակայն կա Հայաստանի հարց։ 

Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լայնամասշտաբ էսկալացիան սկսվեց սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը. այս անգամ հրետակոծվեցին հայկական գյուղեր և քաղաքներ, Ադրբեջանը որոշ հատվածներում, մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ, առաջ եկավ՝ մտնելով ՀՀ ինքնիշխան տարածք:

Վրացական մամուլն ի տարբերություն 44-օրյա պատերազմի և Արցախի հետ կապված իրադարձությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լայնածավալ հակամարտությունն առավել օբյեկտիվ է լուսաբանել։

«Ալիք մեդիան» հետևել է սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածի իրադարձությունների լուսաբանմանը Վրաստանում գործող վրացալեզու, հայալեզու և ադրբեջանալեզու մամուլում:

Պետական բյուջեից՝ հանրային միջոցներով ֆինանսավորվող Վրաստանի հանրային հեռարձակողի՝ Առաջին ալիքի կայքում ՀՀ սահմանային էսկալացիայի վերաբերյալ սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հրապարակվել է 35 նյութ: Հանրային հեռարձակողի հրապարակած նյութերը հիմնականում պարունակում են երկու կողմի տեղեկությունը, նշվում է, որ  «կողմերը միմյանց են մեղադրում»:

Առաջին ալիքն անդրադարձել է սահմանային լարվածության մեկնարկին՝ հրապարակելով ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը, այնուհետև  ԱՄՆ պետքարտուղարի կրակը դադարեցնելու մասին  հայտարարությանը, ինչպես նաև ՀՀ վարչապետի հեռախոսազրույցներին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Հանրային հեռարձակողն առանձին նյութով անդրադարձել է նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչի ելույթին՝ նշելով, որ «ըստ հայկական կողմի՝ հրադադարի պայմանագիրը վտանգված է», մեկ այլ նյութով էլ հրապարակել է նույն ժամանակահատվածում ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցչի հայտարարությունն առ այն, որ «Հայաստանը փորձում է խաթարել խաղաղ գործընթացը»:

Առաջին ալիքն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին Երևանում ընթացող բողոքի ցույցերին՝ նշելով, որ «Հայաստանում ընդդիմությունը սպառնում է արգելափակել պետական ​​շենքերը: Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ իշխանությունը հրաժարվում է Ադրբեջանի ագրեսիային պատշաճ պատասխան տալ»:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ծավալված ռազմական ագրեսիայի վերաբերյալ սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել է 13 նյութ: Լրատվականը բոլոր նյութերում միաժամանակ հրապարակել է երկու կողմի հաղորդագրությունները, առաջին նյութը վերնագրելով՝ «Հայաստանը հայտնում է Ադրբեջանի կողմից կրակոցների, Բաքուն՝ դիվերսիայի մասին»: Թեև ավելի ուշ, «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է հոդված, որը վերնագրել է «Ադրբեջանը հայկական տարածք ներխուժումն «աբսուրդ» է անվանել»:

Ռադիոկայանը սահմանին տիրող իրավիճակից զատ լուսաբանել է օգնության հարցով Մոսկվային դիմելու  Երևանի որոշումը՝ նշելով, որ «Հայաստանն «Ադրբեջանի ագրեսիայի» պատճառով դիմել է Ռուսաստանի օգնությանը»: Լրատվականն անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարի արձագանքին՝ նշելով, որ «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին հաղորդումներով, այդ թվում՝ հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն»:

Եվ ավելի ուշ՝ սեպտեմբերի 15-ին, «Ազատություն»-ը անդրադարձել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն այն մասին, որ միջազգային հանրության մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն։

«Հայաստանի հանրային հեռարձակողի հետ զրույցում Գրիգորյանը չի հստակեցրել, թե ովքեր են մասնակցել այդ գործընթացին։ Ադրբեջանի կառավարությունը հրադադարի մասին պաշտոնական հայտարարություն չի տարածել», — նշվում է հոդվածում:

Վրաստանում գործող «Նետգազեթի» պարբերականը, որ հայտնի է տարածաշրջանային իրադարձությունների վերլուծությամբ, սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանային սրացումների վերաբերյալ հրապարակել է 11 նյութ, որոնցից առաջինը հայկական կողմի հայտարարությունն է՝  «Ադրբեջանը հայկական քաղաքներ է ռմբակոծում»: «Նետգազեթի»-ի նյութերից մեկը վերաբերվում էր այդ օրերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին, մյուսը՝ ՀՀ սահմանին տեղի ունեցողի շուրջ վարչապետ Ղարիբաշվիլիի մեկնաբանությանը:

Լրատվամիջոցն անդրադարձել է նաև ՀՀ-ի՝ օգնության համար ՌԴ-ին, առանձին հոդվածներով նաև Մոսկվայի կողմից ստեղծված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) դիմելուն և ՌԴ արտգործնախարարության պատասխանին:

Մանրամսները՝ սկզբնաղբյուրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել