Հոկտեմբերի 22֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։
Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից։
Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում, որի անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին ու նպատակներին։
Հայաստանի դիմումի հիման վրա կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն Հայաստանի Հանրապետություն գործուղելու որոշումը կայացվել է ԵԱՀԿ գործող նախագահող երկրի և Քարտուղարության կողմից՝ ԵԱՀԿ Նախարարական խորհրդի համապատասխան որոշումների հիման վրա, որոնք ընդունվել են Կազմակերպության բոլոր մասնակից երկրների համաձայնությամբ:
ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ առաքելության գործունեությունը, դիտարկումները և ավարտական զեկույցն ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր կհանդիսանան ԵԱՀԿ նախագահության, Քարտուղարության և անդամ երկրների համար, ինչպես նաև դեր կխաղան նոր հավանական ագրեսիաների կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։
Հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցչի կողմից առաքելության անդամներին է ներկայացվել սահմանամերձ շրջաններում առկա իրադրությունը: