Օրենքով սահմանված են գույքի նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ, որոնք ծագում են օրենքի հիման վրա և ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից:
Մասնավորապես՝ էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունեն այլոց պատկանող հողամասերի, դրանցում ամրակայված շենքերի և շինությունների սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ)` էլեկտրակայանքների, օդային գծերի և մալուխների, ենթակայանների և հենասյուների տեղակայման, շահագործման, սպասարկման, դրանց անվտանգության գոտիների և մուտքի իրավունքի համար:
Գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից`
1) մինչև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի ընդունումը (14.04.1999թ.)` հասարակական կարիքների համար, գծային և ինժեներատրանսպորտային կառույցների (էլեկտրահաղորդակցության, ռադիոհեռախոսակապի, ջրագծերի, ջրանցքների, երկաթգծի, ավտոճանապարհների և այլն), շինությունների սպասարկման և պահպանման նպատակով մուտքի իրավունքը.
2) ամուսինների, երեխաների և խնամքի տակ գտնվող այլ անձանց իրավունքները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, եթե նույնիսկ այդ իրավունքներն առանձին չեն գրանցվել.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ընդհանուր կանոն և արգելք հանդիսացող սահմանափակումները (առողջապահական, պաշտպանական, շրջակա միջավայրի պահպանման և այլն).
4) մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների օգտին «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված սերվիտուտը: