Անհավասար մրցակցային պայմաններ՝ Երևանի քաղաքապետի թեկնածուների համար

Չնայած նրան, որ երևանյան ընտրություններին դեռ մեկ տարի կա, նախընտրական քարոզարշավը որոշ թեկնածուների կողմից արդեն մեկնարկել է: InfoPort.am-ը գրում է, որ նախընտրական ֆալստարտի «ստարտը» տվեց իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանը, երբ, դեռևս չլինելով փոխքաղաքապետ, պայթյունից հետո այցելեց «Սուրմալու» տոնավաճառ և հայտարարեց, որ եկել է, որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու: «Ինչ խոսք, ոչ տեղի, ոչ ժամանակի, ոչ իրավիճակի առումով ամենա հարմար պահը չէր նախընտրական քարոզարշավի մեկնարկը ազդարարելու համար: Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք:

Դրանից հետո` մեկը մյուսի հետևից մի քանի կուսակցություններ հայտնեցին երևանյան ընտրություններում իրենց մասնակցության որոշման մասին և ազդարարեցին քաղաքապետի իրենց թեկնածուներին: Այսպես` Տիգրան Խզմալյանի ղեկավարած «Եվրոպական կուսակցությունը» շտապեց հայտնել, որ քաղաքապետի իրենց թեկնածուն երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն է, «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը որոշեց քաղաքապետի պաշտոնին առաջադրել իր կնոջը` Նատալյա Ռոտենբերգին, երևանյան ընտրություններին մասնակցելու մասին հայտարարեց «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի թեկնածուն ամերիկաբնակ փաստաբան Հայկ Գրիգորյանն է, «Լուսավոր Հայաստանն» էլ ասաց, որ քաղաքապետի պաշտոնին առաջադրելու են Երևանի ավագանիում իրենց ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին:

Ասացին և կարծես դադար առան, մինչդեռ իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանը, լայնորեն օգտագործելով ադմինիստրատիվ բոլոր լծակներն ու հնարավորությունները, ամենօրյա ռեժիմով շարունակում է իր քարոզարշավը: Հայտնվելով փոխքաղաքապետի աթոռին, նա «ի պաշտոնե» հանդիպումներ է իրականացնում Երևանի տարբեր համայնքների բնակիչների հետ, իբրև թե առկա խնդիրները գույքագրելու և լուծումներ տալու նպատակով: Այդ հանդիպումները բնականաբար լայնորեն լուսաբանվում են լրատվամիջոցների կողմից, որպես փոխքաղաքապետի գործունեության մի մաս:

Այսպիսով ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ այլ թեկնածուների համար` ստացվում է, որ իշխանական թեկնածուն մի ամբողջ տարի, օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսի ողջ հնարավորությունները բոլորովին անվճար նախընտրական քարոզարշավ է իրականացնելու:

Նշենք, որ նախընտրական այս մեխանիզմը բոլորովին էլ «նոու-հաու» չէ, ժամանակին այն լայնորեն կիրառվել է նախկին իշխող ուժերի կողմից և դաժանորեն քննադատվել ընդդիմության կողմից: Նկատենք, որ ընտրությունների ժամանակ ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման ամենա դաժան քննադատը հենց ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր և նրա ղեկավարած ընդդիմադիր շարժումները և ուժերը: Այդ դեպքում ինչ պատահեց հիմա, արդյոք իշխանականները այդպես հեշտ մոռացան իրենց իսկ խոսքերը և խոստումները, արդյոք իշխանությունն ամեն գնով պահելը իրենց համար դարձել է նույնպիսի գերնպատակ, ինչպիսին էր իրենց իսկ կողմից այդպես դաժանորեն քննադատված և քննադատվող «նախկինների» համար:

Ստեղծված իրավիճակի շուրջ InfoPort.am-ը զրուցել է երևանյան ընտրություններում իրենց մասնակցության մասին արդեն հայտարարած թեկնածուների հետ:

Ինչպես կայքի հետ զրույցում նշեց «Ազգային առաջընթացի» թեկնածու Հայկ Գրիգորյանը` ստեղծված իրավիճակը անարդար մրցակցության, իշխանական լծակների նախընտրական պայքարում կիրառության վառ պատկեր է: «Անշուշտ, Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետ է և նա պետք է կատարի իր գործառույթները, որոնք երևի թե պետք է լուսաբանվեն: Ոչ ոք հակառակը չի էլ պնդում: Բայց որպեսզի ամեն ինչ արդար լիներ և հարցեր չառաջանային, ճիշտ կլիներ, որ Ավինյանը չհայտարարեր վաղօրոք քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին: Այդ դեպքում նա չէր ընկալվի որպես թեկնածու և հասարակության ուշադրությունը նրա քայլերի վրա այդքան սևեռված չէր լինի, անարդար մրցակցության մասին էլ խոսք չէր լինի: Կամ հակառակը, եթե նա հայտարարել էր, որ պետք է առաջադրվի, ապա ճիշտ կլիներ, որ չնշանակվեր փոխքաղաքապետի պաշտոնում` այդպիսով անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելով այլ թեկնածուների համար: Այս տեխնոլոգիաները քաջ հայտնի են, դրանք լայնորեն կիրառվել են նախկինում և, ցավոք, շարունակվում են կիրառվել նաև հիմա, այն մարդկանց կողմից, որոնք այդ ամենը դաժանորեն քննադատելով, ժողովրդի վստահությանը հասնելով, եկան իշխանության…Իսկ մենք առաջարկում ենք, հետագայում նման արատավոր պրակտիկան բացառելու նպատակով, օրենսդրության մեջ համապատասխան կարգավորումներ մտցնել, որպեսզի հետայսու «ազնիվ գործելու» խոստումների կատարումը չմնա լոկ քաղաքական գործիչների կամ ուժերի խղճի ու բերախղճության վրա»,- ընդգծեց Գրիգորյանը:

«Ուժը Հայրենյաց» կուսակցության թեկնածու Նատալյա Ռոտենբերգը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ: Ըստ նրա` իրենց կուսակցության կողմից պատվիրված սոցհարցումների արդյունքում պարզվել է, որ Տիգրան Ավինյանը, որպես քաղաքապետի թեկնածու վայելում է երևանցիների միայն 4%-ի վստահությունը: «Ճիշտ է նա օգտագործում է վարչական լծակները, այս պատկերը մինչև ընտրություններ փոխելու համար: Բոլորը հասկանում են, որ նրան միտումնավոր են նշանակել փոխքաղաքապետ, որպեսզի նրա կերպարը հնարավորինս պոպուլյար դարձնեն, սակայն ես հույս ունեմ, որ այս անգամ երևանցիները ավելի խոհեմ կգտնվեն և ճիշտ ընտրությունն կկատարեն: Իսկ ես ընտրություններին գնալու եմ միայն ազնիվ ուղիով, ի բարօրություն Հայաստանի: Թող հաղթի ամենա արժանի թեկնածուն»,- եզրափակեց տիկին Ռոտենբերգը:

Ստեղծված իրավիճակից սակայն դժգոհություն չուներ «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Դավիթ Խաժակյանը: Ըստ նրա` դեռեւս ամռան սկզբից տարբեր քաղաքական ուժեր արդեն սկսել են իրենց քարոզարշավը, դիրքավորվել են եւ հայտարարել ընտրություններին իրենց մասնակցության մասին, Երեւանի ընտրողների հետ քարոզչական աշխատանքներ են տանում, ինչը ընդհանուր առմամբ օրենքով արգելված չէ:

«Ինչ վերաբերում է իշխող ուժին, նա եւս կատարում է իր աշխատանքը, հայտարարել է իր թեկնածուին, ի տարբերություն մյուս ուժերին, որոնք պարզապես հայտարարել են, որ կուսակցությունն է մասնակցելու, սակայն,  գոնե պաշտոնապես, չեն մասնավորեցրել, թե որ թեկնածուի միջոցով: Եվ դրա համար էլ մարդկանց ուշադրությունը ավելի շատ սեւեռվել է իշխող ուժի թեկնածուի վրա: Սակայն, ակնհայտ է, որ քարոզչական տրամադրություններ առկա են մնացած ուժերի մոտ ևս, եւ այս պարագայում իշխող ուժի թեկնածուի ակտիվությունը շատ նորմալ է»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Հարցի շուրջ մեկնաբանություն չհաջողվեց ստանալ «Եվրոպական կուսակցությունից»` նրա թեկնածու Ռուբեն Հախվերդյանը հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ակնհայտ նյարդային տոնայինությամբ հայտարարեց, որ շատ զբաղված է, իսկ լսելով հարցը, ընդգծեց, որ տվյալ թեմայի շուրջ զրուցելու ընդհանրապես ժամանակ չունի ոչ հիմա, ոչ ապագայում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել