Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը։ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԳՆ-ում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում:
«Մեր երկրների մայրաքաղաքներում հանդիպումներն առավել մեծ նշանակություն ունեն: Այսօր գոհունակությամբ արձանագրել ենք, որ երկու երկերի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են ոչ միայն մեր ժողովուրդների հազարամյա եղբայրության և բարեկամության, այլ նաև մեր ընդհանուր պետական շահերի խորը ըմբռնման վրա, հետևողականորեն խորանում են տարբեր ոլորտներում»,-ասաց Միրզոյանը:
Նախարարների քննարկման առանցքային թեման եղել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող իրավիճակը: Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշական աշխատանքների հետ կապված մանրամասները:
Նախարարն անդրադարձել է նաև սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կոմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մանրամասներին և հետևանքներին:
«Վերահաստատել ենք ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման, բռնի անհետացումների զոհերի ճակատագրերի պարզաբանման և հրադադարի ռեժիմի պահպանման հրամակայանը: Մենք համակարծիք ենք, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տադրարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատմանն ուղղված իրանական կողմի ջանքերը»,-ասաց Միրզոյանը:
Երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր և պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով հարստացնել հայ-իրանական օրակարգը: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոոգիաների բնագավառներում առկա համագործակցությանը նոր լիցք հաղորդելու հեռանկարների վերաբերյալ, անդրադարձել համատեղ տնտեսական մեծ ծրագրերը շարունակելու և ավարտին հասցնելու թեմային:
«Հատուկ նշանակություն ենք տալիս ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում Իրանի հետ կապերի ամրապնդմանը: Եվ այս առումով իհարկե պետք է ընդգծել Պարսից ծով-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի իրագործման կարևորությունը, որը կարող է ընդգրկել նաև այլ շահառու և հետաքրքրված կողմեր, երկրներ»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Իրանի ԱԳ նախարարի այցը կնշանավորվի նաև կարևոր իրադարձությամբ՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության հանդիսավոր բացման արարողությամբ: Միրզոյանը սա նշանակալի և խորհրդանշական քայլ համարեց, որը վկայում է երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին: