Կառավարության հոկտեմբերի 20-ի օրակարգում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ նշանակելու մասին նախագիծը։
Նախատեսվում է այդ պաշտոնում նշանակել Վահան Հակոբյանին։
«Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մաքսային ոլորտին առնչվող շահերը Ռուսաստանի Դաշնությունում ներկայացնելու, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մաքսային ոլորտին առնչվող հարցերում փոխշահավետ և ակտիվ համագործակցություն ապահովելու, այդ թվում՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում (այսուհետ՝ Վերին Լարսի անցակետ) մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու, Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկություններ հավաքագրելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին դրանք տրամադրելու նպատակներով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության համապատասխան ներկայացուցիչ՝ մաքսային կցորդ ունենալու անհրաժեշտությամբ:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես Վերին Լարսի անցակետում, առաջացող՝ մաքսային ոլորտին առնչվող խնդիրներին արագ արձագանքելու համար չունի անհրաժեշտ մարմին՝ ներկայացուցիչ, ինչը զգալիորեն խոչընդոտում է թե ակտիվ փոխհամագործակցության ապահովմանը և թե առաջացող խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլերի ձեռնարկմանը»,-նշվում է հիմնավորման մեջ: