Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդիկ Հակոբյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ՝ ազատելով նրան հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»:
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը․
Էդիկ Հակոբյանը ծնվել է 1976 թ. հունվարի 14-ին Երևան քաղաքում:
Ուսանել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի (ներկայում` ՀՀ ոստիկանության ակադեմիա) իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում:
Մասնագիտական գործունեությունն սկսել է 1992 թվականից՝ ՀՀ ոստիկանությունում:
1996-2005 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ:
2005-2007 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 4-րդ (Երևան քաղաքի քննչական) վարչության Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ:
2007-2008 թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության ավագ քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:
2009-2010 թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննչական խմբի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:
2010-2013 թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ:
2013-2014 թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:
2014-2019 թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների վարչության պետի տեղակալ:
2019-2021 թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ:
22.10.2021-04.11.2021 թթ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնակատար:
04․11․2021 թ.-ից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 2014 թ. նոյեմբերի 28-ի հրամանով շնորհվել է արդարադատության գնդապետի արտահերթ կոչում:
ՀՀ նախագահի 2015 թ. մայիսի 18-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
ՀՀ վարչապետի 2020 թ. նոյեմբերի 26-ի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Պարգևատրվել է նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով:
Ամուսնացած է, ունի 3 երեխա: