Ինչպե՞ս բողոքարկել մաքսային ծառայողի գործողությունները

Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել վերադաս մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան:

Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև մաքսային ծառայությանն առնչվող վեճերի լուծման նպատակով վերադաս մաքսային մարմնում մշտապես գործում է գանգատարկման հանձնաժողով:

Մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովը մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս մաքսային մարմնում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից և ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնությամբ:

Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը և (կամ) վերջինիս լիազորած անձը: Դիմում-գանգատները վերադաս մաքսային մարմնի կողմից քննության են առնվում, որոնց վերաբերյալ դիմում-գանգատի ընդունման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, ընդունվում են որոշումներ: Առանձին դեպքերում վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը:

Գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը սահմանում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել