Յուրաքանչյուր տարի հարկային ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:
Հարկային ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
Հարկային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
Հարկային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրա անմիջական ղեկավարի պատճառաբանվածմիջնորդության հիման վրա` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կամ հարկային ծառայողի ցանկությամբ:
Ատեստավորումն անցկացվում է հարկային ծառայողի անմիջական մասնակցությամբ:
Ատեստավորման ենթակա չեն`
1) մեկ տարուց պակաս հարկային ծառայության ստաժ ունեցող հարկային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկային ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ ուշ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ հարկային ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
Ատեստավորման ենթակա հարկային ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հարկային ծառայողի ծառայողական բնութագիրը:
Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հարկային ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում հարկային ծառայողի` իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա: