«Թաթոյան» հիմնադրամի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ջանքերով Google Maps և Google Earth հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները:
Այս մասին տեղեկանում ենք «Թաթոյան» հիմնադրամի հայտարարությունից։
Google ընկերության հետ աշխատանքի արդյունքում «Թաթոյան» հիմնադրամին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ուժերով հաջողվել է Google Maps և Google Earth հավելվածներից հեռացնել ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։
Ինչպես նշվել էր սեպտեմբերի 29-ի հայտարարությամբ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգի հիման վրա պարզել էր, որ Google Maps և Google Earth հավելվածներում անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված ՀՀ Սյունիքի մարզի դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն: Օրինակ` «Որոտան» գետը նշված է ադրբեջանական անվանումով՝ «Bazarçay» կամ Սիսիանի զբոսայգին անվանակոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով կամ Աթաթուրքի անունով, կամ Սյունիքի մարզպետարանի տեղանքը նշված է միայն ադրբեջաներենով՝ «Zəngəzur Vilayəti Administrasiyası» և այլն: Անգամ փորձ են արել փոխել Սիսիան քաղաքի անունը` Qarakilise։
Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով էին նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում։
Ակնհայտ էր, որ սա ադրբեջանական իշխանությունների՝ Սյունիքն ադրբեջանական լինելու վերաբերյալ բացարձակ կեղծ թեզը ներկայացնելու եղանակ էր։ Ավելին, դրանով փորձ էր արվում լեգիտիմացնել ադրբեջանական հանցավոր ներխուժումները և հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Հեռացվել են նաև ադրբեջաներենով նշված կեղծ այլ տեղանուններ:
Հարկ ենք համարում հատուկ կարևորել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի արագ արձագանքը, «Google» ընկերությանը հետ կապ հաստատելը և աշխատանքի հետևողականությունը։
Մանրամասները ներկայացված են կից հրապարակվող լուսանկարներում, որտեղ համեմատվում են նախկին կեղծ ադրբեջանական տեղանուններով տարբերակները ներկայիս՝ վերացված տարբերակների հետ։