Պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ԺԳՀ նախագահ Դեյվիդ Փրայս

Գիտենք, որ Հայաստանի, այս տարածաշրջանի համար ծանր ժամանակաշրջանում ենք եկել: Հասկանում ենք՝ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել. դեռ հակամարտության զոհերի հիշատակը վառ է, եւ եւս մեկ բռնկում տեղի ունեցավ: Բայց թույլ տվեք նշել եւս մեկ անգամ, որ երկկուսակցական, երկպալատային ջանքեր են ներդրվում ԱՄՆ-ի կողմից, մասնավորապես, գերիների վերադարձի ուղղությամբ: Մենք դեմ ենք ներխուժմանը, որը տեղի է ունեցել Հայաստանի ինքնավար տարածք, եւ պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր: Մենք նաեւ հասկանում ենք, որ ԱՄՆ-ն դեր ունի խաղալու, մասնավորապես, ուղղորդելով միջազգային համայնքին, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ՝ այս երկարատեւ հակամարտությանը կարգավորված լուծում ապահովելու համար: Այսինքն՝ քննարկում ենք հակամարտությունը, քննարկում ենք ԱՄՆ-ի հնարավոր դերը. ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մեր գործընկերների այցը նաեւ պետք է դիտարկել որպես վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլ»,- նշել է Էդուարդ Աղաջանյանը:

Անդրադառնալով մեր երկրում ժողովրդավարության զարգացման հարցին՝ Դեյվիդ Փրայսը դրական է գնահատել Հայաստանի ձեռքբերումները: Նա հատկապես կարեւորել է Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումներն ու ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը:

Մեկ ամիս առաջ, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել էր Հայաստան, նա նշել էր, որ եկել է նաեւ լսելու, թե հայկական կողմը ռազմական օգնության ինչ ակնկալիքներ ունի ԱՄՆ-ից: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ այդ խորհրդակցություններն ի՞նչ ցույց տվեցին, ինչպիսի՞ն կարող է լինել Հայաստան-ԱՄՆ ռազմական համագործակցությունը, եւ արդյո՞ք կան դրա վերաբերյալ ծրագրեր: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահն ակնհայտ է համարել տարածաշրջանում հավասարակշռության փոփոխությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ կապված իրադարձությունները: «Վստահաբար, կլինեն փոփոխություններ, եւ այս պահին քննարկումներ են տեղի ունենում ե՛ւ մեր ընկերների միջեւ, ե՛ւ նրանց հետ միասին, մասնավորապես, այն մասով, թե ինչ հարաբերություններ կզարգանան՝ ներառյալ անվտանգային տիրույթում: Կարող եմ ասել, որ այս պահին այս քննարկումները բավականին ինտեսիվ են ընթանում»,- ընդգծել է Դեյվիդ Փրայսը:

Մեկ այլ հարց վերաբերում էր ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձեւերին, որոնցով դատապարտվում էր ադրբեջանական ագրեսիան: Դեյվիդ Փրայսը պարզաբանել է, որ բանաձեւերը դիտարկման եւ քննարկման փուլում են:

Արդյո՞ք անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին հարցին ի պատասխան՝ Դեյվիդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է ներգրավվել բազմակողմանի, երկկողմանի բանակցություններում եւ իրենք Մինսկի խմբի համանախագահողի դերը լրջորեն են ընկալում, հասկանում են, որ քաղաքական անվտանգության իրականությունը տարածաշրջանում ենթարկվել է լուրջ փոփոխությունների: Կոնգրեսականը հավելել է, որ պահանջվում են անդադար քննարկումներ՝ նշելով՝ իրենք չեն ցանկանում, որ որեւէ կողմ ստանձնի իր կողմից նախօրոք կանխորոշված դեր:

Նշենք, որ պատվիրակության անդամներն այսօր հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի հետ, կայացել է նաեւ հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների անդամների մասնակցությամբ: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ. անկյունաքարային կարեւորություն ունեցող հարցը վերաբերել է այս պահին Հայաստանի շուրջ տեղի ունեցող անվտանգային խնդիրներին եւ մարտահավերներին: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ նշված խնդիրների առնչությամբ ԱՄՆ գործընկերների հետ բավականին բովանդակային եւ կարեւոր խոսակցություն է ընթացել:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ գործընկերների հետ արդյունավետ, բաց ու անկեղծ քննարկումների համար, կարեւորել խորհրդարանների միջեւ փորձի փոխանակումն ու համագործակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել