Ախտահանումը ներառում է օդանավակայանի շենքերի, սարքավորումների, օդանավերի, օդանավերը ջրալիցքավորող, սննդամթերք տեղափոխող, կեղտաջրերը հեռացնող մեքենաների, բեռների, ուղեբեռների, ապրանքի, կոնտեյներների, փոստային ծանրոցների, մարդկային աճյունների, մարդկային և կենդանական կենսագործունեության արգասիքի, կեղտաջրերի, թափոնների և այլ ցանկացած աղտոտված նյութի ախտահանման միջոցառումներ:
Օդանավակայանների և օդանավերի ախտահանման միջոցառումների կազմակերպման և կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սանիտարական կարանտինային կետերի կողմից:
Ախտահանման որակի հսկողության վերաբերյալ լվացուկների մանրէաբանական հետազոտությունների տվյալները գրանցվում են գրանցամատյանում:
Օդանավերի ախտահանման նպատակով կիրառելի են միայն այն քիմիական և ֆիզիկական նյութերը և մեթոդները, որոնք առաջարկված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և ընդունված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության` ԻԿԱՕ և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի` ԻԱՏԱ կողմից:
Օդանավակայաններում ախտահանման գործընթացն իրականացվում է «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կամ ախտահանման աշխատանքներ իրականացնող մասնագիտացված կազմակերպության կողմից սանիտարական կանոնների պահանջներին համապատասխան։
Յուրաքանչյուր չվերթից հետո օդանավերը ենթակա են ընթացիկ ախտահանման:
Օդանավերը եզրափակիչ ախտահանման ենթակա են միայն համաճարակաբանական ցուցման դեպքում: