Բժշկական ի՞նչ օգնություն է ցուցաբերվում թմրամոլներին

Անձը, որի նկատմամբ կան բավարար հիմքեր կասկածելու, որ տառապում է թմրամոլությամբ, գտնվում է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ազդեցության տակ կամ առանց բժշկի նշանակման օգտագործում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ուղարկվում է բժշկական հետազոտման, որի ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Մինչև 14 տարեկան անչափահասներին բժշկական օգնությունը ցուցաբերվում է նրանց օրինական ներկայացուցիչների դիմումով, իսկ 14-ից 18 տարեկան անչափահասներին` նրանց համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Բժշկական օգնությունը (կամավոր, պարտադիր և հարկադիր) ցուցաբերվում է դրա կարիքն ունեցող այն թմրամոլությամբ հիվանդին, որն առանց բժշկական նշանակման, կանոնավոր գործածում է թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ձեռք է բերել ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կախվածություն, բժշկական հետազոտման արդյունքում ստացել է «թմրամոլություն» ախտորոշումը, սակայն ի վիճակի է, թեկուզ ժամանակավորապես, ինքնուրույն հաղթահարել թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելու ֆիզիոլոգիական, հոգեբանական կախվածությունը:

Անհետաձգելի (պարտադիր, հարկադիր) բժշկական օգնությունը ցուցաբերվում է դրա կարիքն ունեցող թմրամոլությամբ հիվանդին, եթե նա առանց բժշկական նշանակման անընդհատ գործածում է թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ձեռք է բերել անդառնալի, ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կախվածություն, բժշկական հետազոտման արդյունքում ստացել է «թմրամոլություն» ախտորոշումը և ի վիճակի չէ, թեկուզ ժամանակավորապես, առանց բժշկական միջամտության հաղթահարել թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելու ֆիզիոլոգիական, հոգեբանական կախվածությունը:

Այն թմրամոլների նկատմամբ, որոնք գտնվում են բժշկական հետազոտության ներքո և առանց բժշկի նշանակման շարունակում են օգտագործել թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնք դատապարտվել են հանցագործություն կատարելու համար և կարիք ունեն բուժման, դատարանի որոշմամբ կարող են նշանակվել հարկադիր բուժման միջոցներ:

Թմրամոլությամբ հիվանդները բժշկական օգնություն ստանալիս օգտվում են հիվանդի իրավունքներից՝ քաղաքացիների առողջության պահպանման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Պետությունը թմրամոլությամբ հիվանդներին երաշխավորում է կառավարության սահմանած կարգով անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ցուցաբերում, որը ներառում է հետազոտում, խորհրդատվություն, ախտորոշում, բուժում և բժշկասոցիալական վերականգնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել