Փաստաբանների պալատի նախագահն այցելել է ձերբակալված փաստաբան Էրիկ Ալեքսանյանին

Ինչպես արդեն հայտնել ենք, Փաստաբանների պալատը տեղեկացվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին։

Փաստաբանների պալատից հայտնում են, որ այդ կապակցությամբ Պալատի նախագահը այցելել է փաստաբանին: Էրիկ Ալեքսանյանի հետ քննարկվել է պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր, վերջինս հայտնել է, որ այն կիրականացվի իր կողմից ընտրված փաստաբանների միջոցով:

Նկատի ունենալով, որ առաջադրված մեղադրանքն առնչվում է Էրիկ Ալեքսանյանի մասնագիտական գործունեությանը՝ քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում:

———————

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

Փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել