Կեղծել է անձնագիրը՝ Թուրքիա վերադառնալու նպատակով

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Սիրարփի Մովսիսյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Սիրարփի Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելու նպատակով տևական ժամանակ գտնվել է Թուրքիայում, որտեղից 2007թ. ամռանն արտաքսվել է անձնագրի ժամկետը լրանալու կապակցությամբ: Գիտակցելով, որ տվյալ անձնագրի տվյալներով նոր անձնագիր ունենալու դեպքում չի կարող կրկին մեկնել Թուրքիա, որոշել է հանգուցյալ քրոջ` Հասմիկ Մովսիսյանի կենսորոշիչ տվյալներով և իր լուսանկարով Գյումրու անձնագրային բաժնից ստացել է անձնագիր:

Գործով մեղադրյալ Սիրարփի Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ի մասի և 329-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով, ըստ որի`

Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով (325-րդ հոդվածի 1-ի մաս):

Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (329-րդ հոդվածի 1-ի մաս):

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել