Մեխանիկական տրանսպորտային միջոցները բաժանվում են հետևյալ կարգերի և ենթակարգերի.
1) «A1» ենթակարգ` ոչ ավելի, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով և ոչ ավելի, քան 11 կՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլեր (թեթև մոտոցիկլեր).
2) «A» կարգ` մոտոցիկլեր, բացառությամբ «A1» ենթակարգին վերաբերող տրանսպորտային միջոցների.
3) «B1» ենթակարգ` տրիցիկլեր և քվադրոցիկլեր.
4) «B» կարգ`
ա. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, կամ
բ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը, կամ
գ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կգ-ը.
5) «C1» ենթակարգ`
ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը, կամ
բ. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.
6) «C» կարգ`
ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, կամ
բ. ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.
7) «D1» ենթակարգ`
ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ
բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.
8) «D» կարգ`
ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ
բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.
9) «BE» կարգ`
ա. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը և գերազանցում է ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության, կամ
բ. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը.
10) «C1E» ենթակարգ` «C1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը.
11) «CE» կարգ` «C» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը.
12) «D1E» ենթակարգ` «D1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որը նախատեսված չէ ուղևորներ փոխադրելու համար, և որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը.
13) «DE» կարգ` «D» կարգի ավտոմոբիլ (ավտոբուս)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը.
14) «T» կարգ` տրոլեյբուս:
«C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց այդ կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել ոչ ավելի, քան 8 ուղևոր, իսկ դրանից ավելի ուղևոր փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ նաև «D» կամ «DE» կարգի կամ «D1» կամ «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական:
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է`
1) «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի` 18 տարին լրացած անձանց.
2) «D» կարգի և «D1» ենթակարգի` 21 տարին լրացած, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված լինելու դեպքում` 19 տարին լրացած, և «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի` տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.
«BE», «CE» և «DE» կարգերի ու «C1E» և «D1E» ենթակարգերի` 19 տարին լրացած, և համապատասխանաբար «B», «C» կամ «D» կարգերի կամ «C1» կամ «D1» ենթակարգերի` տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.
դ) «T» կարգի` 20 տարին լրացած անձանց:
Մոպեդ վարել թույլատրվում է 16 տարին, իսկ հեծանիվ և լծասայլ (լծասահնակ) վարել, ինչպես նաև բեռնակիր կամ հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել` 14 տարին լրացած անձանց:
Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ:
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականն ստանալու պահից:
«A» և «B» կարգերի ու «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իսկ «C», «D», «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:
Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամկետով, բայց ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից ոչ ավելի:
Տրոլեյբուս վարելու իրավունք տալու համար գործնական քննությունն ընդունում են տրոլեյբուս շահագործող կազմակերպությունները` տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով: