Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Վարչապետը բարձր է գնահատել սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերացմանը միտված ամերիկյան կողմի ջանքերը և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերը: Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքներին: Կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի:

Վարչապետն իր տպավորություններն է կիսել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ:

Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել