Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 4-ին որոշում է ստորագրել, որով սահմանվել է քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնագիրքը։
Iravaban.net-ը ձեզ է ներկայանցնում վարքագծի կանոնագիրքը՝ ամբողջությամբ։
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնագիրքը (այսուհետ՝ վարքագծի կանոններ) տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում՝ այլ հանրային ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայող) վրա։
2. Վարքագծի կանոնները բխում են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից, հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններից և իրենցից ներկայացնում են վարքագծի կանոնների 1-ին կետով նախատեսված քաղաքացիական ծառայողների կողմից որոշակի վարքագծի հետևելու պարտադիր կանոնների համախումբ։
3. Վարքագծի կանոնների նպատակն է սահմանել քաղաքացիական ծառայողի վարքագծի միասնական չափանիշներ՝ ամրապնդելով հանրային ծառայությունում բարոյական մշակույթի զարգացումն ու միասնական բարոյաիրավական հիմքի ստեղծումը, օժանդակել քաղաքացիական ծառայողին բարեվարք վարքագիծ դրսևորելու հարցում՝ ամրապնդելով կոռուպցիայի նկատմամբ զգոնությունն ու անհանդուրժողականությունը և հանրության վստահությունը քաղաքացիական ծառայողների կողմից իրականացվող մասնագիտական գործունեության նկատմամբ։
4. Քաղաքացիական ծառայողը, իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում և աշխատանքից դուրս, պարտավոր է հետևել վարքագծի կանոններին։ Վարքագծի այն կանոնները, որոնցով ուղղակիորեն նախատեսված է քաղաքացիական ծառայողի պարտականությունը հետևել դրանց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում, կամ որոնք ուղղակիորեն բխում են ծառայողական պարտականություններից, չեն տարածվում քաղաքացիական ծառայողի՝ աշխատանքից դուրս հարաբերությունների վրա։
2. ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԳԻՏԱԿՑՈՒՄԸ
5. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում լինել ազնիվ, պահպանել օրինականության, համաչափության սկզբունքները և որոշումներ կայացնելիս հիմք ընդունել միայն տվյալ գործին վերաբերելի իրավական և փաստական հանգամանքները։
6. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնողների կողմից կոռուպցիոն բնույթի գործողությունների կամ այլ առերևույթ խախտումների մասին իրեն հայտնի դառնալու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով այդ մասին տեղեկացնել իրավասու պաշտոնատար անձին (մարմնին)՝ հաշվի չառնելով ծառայողական աստիճանակարգությունը կամ գործընկերային հարաբերությունները։
7. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է իր ծառայողական պարտականությունները կատարելիս կայացնել հիմնավորված որոշումներ՝ բացառելով խտրականության որևէ դրսևորում։
3. ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻՆ
8. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է լինել անաչառ և իր ծառայողական պարտականությունները կատարելիս գործել բացառապես հանրային շահից ելնելով։
9. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի հանրային շահը ստորադասել անհատների կամ խմբերի մասնավոր շահերին, գործել ի վնաս պետության, կախվածության մեջ դնել ծառայողական պարտականությունների կատարումն անձնական շահագրգռվածությունից։
10. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք վարկաբեկում կամ նսեմացնում են հանրային ծառայությունը կամ իր աշխատավայրը հանդիսացող պետական մարմնի հեղինակությունը։
11. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ձեռնպահ մնալ անձնական խոստում տալուց կամ այնպիսի գործողություններ կատարելուց կամ իր իրավասության շրջանակներից դուրս այնպիսի խոստումներ տալուց, որոնք ողջամտորեն ստեղծում են պետական համապատասխան մարմնի կողմից գործունեության որոշակի ուղղություն որդեգրելու տպավորություն։
12. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ձեռնպահ մնալ մասնավոր նպատակների համար որևէ ազդեցություն ձեռք բերելուն ուղղված գործողություններ կատարելուց, այդ թվում՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կամ այլ անձի կամ կազմակերպության որևէ արտոնություն տրամադրելով կամ այդպիսիք տրամադրելու խոստումներ տալով։
13. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է համագործակցել իր գործընկերների հետ և ծառայողական պարտականությունները կատարելիս գործել թափանցիկ։
14. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ձեռնպահ մնալ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկատվությունը բացահայտելուց, չճշտված կամ ոչ հավաստի տեղեկատվություն տարածելուց։ Քաղաքացիական ծառայողը պարտավոր է այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել (այդ թվում՝ պաշտոնից ազատվելուց հետո) պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրենց հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, իսկ նման տեղեկությունները երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքում՝ անմիջապես պաշտոնական հաղորդակցման միջոցներով գրավոր տեղեկացնել իրենց վերադաս անձին, անմիջական ղեկավարին կամ գաղտնի տեղեկությունների պահպանությունն իրականացնող ստորաբաժանման ղեկավարին:
15. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է իր ծառայողական պարտականություններից չբխող հետազոտություններում կամ աշխատություններում չօգտագործել այնպիսի տեղեկություններ, որոնք, թեև ենթակա են հրապարակման, սակայն դեռևս չեն հրապարակվել հանրային իշխանության տվյալ մարմնի կողմից:
16. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է օրինական հիմքերով տեղեկատվություն հայցողներին տրամադրել օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը՝ իր իրավասության սահմաններում ապահովելով իր և իր աշխատավայրը հանդիսացող պետական մարմնի գործունեության թափանցիկությունը։
4. ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՐԳԱԼԻՐՈՒԹՅՈՒՆԸ
17. Քաղաքացիական ծառայողը, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում, բացառությամբ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքի, պարտավոր է չգործադրել ֆիզիկական ուժ կամ դրա վերաբերյալ սպառնալիք չներկայացնել, ինչպես նաև չգործադրել հոգեբանական բռնություն։
18. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները։
19. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ձեռնպահ մնալ ծառայողական գործունեության համար նախատեսված տարածքներում Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից, պետական մարմինների՝ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված խորհրդանիշներից ու տարբերանշաններից, լիազոր մարմինների կողմից ընդունված արարողակարգային խորհրդանիշներից և տարբերանշաններից, օտարերկրյա պատվիրակությունների հետ հանդիպումների ընթացքում՝ այդ պետությունների պետական խորհրդանիշներից, միջազգային կառույցների հետ հանդիպումների ընթացքում՝ այդ կառույցների խորհրդանիշներից ու տարբերանշաններից բացի որևէ այլ խորհրդանիշի կամ տարբերանշանի ցուցադրումից:
20. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է պահպանել «Լեզվի մասին» օրենքով սահմանված լեզվական պարտականությունը։
21. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը կարող է ողջամտորեն ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք քաղաքացիների, ղեկավարների, ենթակաների կամ այլ գործընկերների նկատմամբ։
22. Քաղաքացիական ծառայողները պարտավոր են իրենց աշխատավայրը հանդիսացող պետական մարմնի վերաբերյալ քննադատական մտահոգություններ արտահայտելիս լինել հարգալից։
23. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ցանկացած պայմաններում և իրավիճակներում լինել բարեկիրթ, բարեվարք, գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով, զերծ մնալ հանրային ծառայության հեղինակությունը վարկաբեկող, հանրային ծառայության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող կամ հանրային ծառայողի անկողմնակալության, անաչառության և անկախության նկատմամբ կասկած հարուցող վարքագիծ դրսևորելուց:
24. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ծառայողական պարտականությունները կատարելիս՝ այլ անձանց հետ հաղորդակցության ժամանակ, այդ թվում՝ նամակագրությամբ կամ հեռախոսով հաղորդակցվելիս ցանկացած իրավիճակում ցուցաբերել զսպվածություն, հավասարակշռվածություն և հարգալիրություն:
25. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, իսկ այդպիսիք առաջանալու դեպքում՝ պահպանել հանգստություն, բարեկրթություն։
26. Գործընկերների հետ հարաբերություններում քաղաքացիական ծառայողը պարտավոր է ցուցաբերել հարգանք և բարեկրթություն՝ թույլ չտալով այնպիսի վարքագիծ, որը վնասում է անհատի արժանապատվությունն ու իրավունքները կամ ստեղծում է այնպիսի իրավիճակ, որը խոչընդոտում է ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետությանը։
27. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է հարգել իր գործընկերների խոսքի ազատության իրավունքը, գործընկերոջ վերաբերյալ քննադատություն արտահայտել միայն նրա ներկայությամբ՝ պարզաբանելով բոլոր հիմքերը, և գործընկերների միջև հարաբերություններում բացառել խտրականության որևէ դրսևորում։
28. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ձեռնպահ մնալ հանրային ծառայության համակարգում պաշտոն զբաղեցնելու հանգամանքով պայմանավորված որևէ մեկի նկատմամբ արտոնյալ վերաբերմունք դրսևորելուց, ինչպիսի վերաբերմունք ողջամտորեն չէր դրսևորվի պաշտոն չզբաղեցնող անձի նկատմամբ։
29. Ղեկավար պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ իրենց ենթակաների շրջանում կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու համար։
5. ԲԱՐԵԽՂՃՈՒԹՅՈՒՆԸ
30. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ազնվորեն և բարեխղճորեն կատարել իր ծառայողական պարտականությունները և չհրաժարվել դրանց կատարումից՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
31. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է իր աշխատաժամանակը չօգտագործել իր պաշտոնեական լիազորություններից դուրս այլ գործողություններ կատարելու համար, եթե կիրառելի նորմերին համապատասխան այլ բան չի համաձայնեցվել իր վերադասի կամ անմիջական ղեկավարի հետ։
32. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ձեռնպահ մնալ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվությունն անձնական օգուտ կամ առավելություն ստանալու նպատակով օգտագործելուց։
33. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է մասնավոր զրույցների, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված այլ իրավիճակներում չբացահայտել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկատվությունը։
34. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի իր ստեղծագործական, գիտական, կրթական գործունեությունը բացասաբար չազդի իր առաջնահերթ և հիմնական պարտականությունների կատարման վրա։
35. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է արդյունավետորեն և խնայողաբար օգտագործել հանրային ռեսուրսները, այդ թվում՝ ծառայողական գույքը, ինչպես նաև չօգտագործել դրանք սեփական շահերը բավարարելու կամ այլ անձնական նպատակներով:
6. ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ
36. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է խուսափել ցանկացած հովանավորչությունից։ Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ձեռնպահ մնալ իր զբաղեցրած պաշտոնով պայմանավորված որևէ առավելություն ստանալուց։
7. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
37. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն։ Քաղաքացիական ծառայողի քաղաքական զսպվածությունը ենթադրում է՝
1) խուսափել հանրային հարթակներում քաղաքական կողմնորոշում ունեցող այնպիսի հոդվածներ, տեսակետներ հրապարակելուց, որոնք կխաթարեն հանրային ծառայության անկողմնակալությունը.
2) ձեռնպահ մնալ որևէ կուսակցության օգտին կամ դեմ այնպիսի քարոզ իրականացնելուց, որը խաթարում է հանրային իշխանության անաչառությունը և հեղինակությունը։
38. Քաղաքացիական ծառայողը քաղաքական գործունեության ընթացքում պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ողջամտորեն կասկածի տակ դնել իր՝ որպես հանրային ծառայողի կամ իր աշխատավայրը հանդիսացող հանրային իշխանության մարմնի կամ առհասարակ հանրային իշխանության անկողմնակալությունը։
39. Քաղաքացիական ծառայողը քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում, ինչպես նաև մյուս քաղաքացիական ծառայողների հետ հարաբերություններում չպետք է անհարկի նշի իր անդամակցության մասին որևէ կուսակցությանը՝ նպատակ ունենալով ստանալ որևէ անձնական շահ, արտոնություն, առավելություն։
40. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ձեռնպահ մնալ իր պաշտոնեական դիրքը որևէ կուսակցության համար արտոնություններ ստանալու նպատակով օգտագործելուց։
8. ՆՎԵՐՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ
41. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ձեռնպահ մնալ իր կամ իր հետ փոխկապակցված անձի համար «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նվեր պահանջելուց կամ ստանալուց, որը ազդում է կամ կարող է ազդել իր կողմից ընդունվող որոշումների վրա։
42. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ձեռնպահ մնալ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով այնպիսի նվերների ընդունումից, որոնք կարող են ողջամտորեն ընկալվել որպես փոխհատուցում իր ծառայողական պարտականություններով պայմանավորված գործողությունների համար կամ որևէ կերպ պայմանավորել իր ծառայողական պարտականություններից բխող գործողությունների ելքը։
9. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ
43. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում խուսափել այնպիսի հարաբերություններից, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել շահերի բախում, կամ որոնց առկայության պայմաններում քաղաքացիական ծառայողը հնարավորություն չի ունենա անաչառ և անկողմնակալ կատարելու իր պարտականությունները:
44. Քաղաքացիական ծառայողն իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր է խուսափել այնպիսի գործողության կատարումից կամ որոշման կայացումից, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես ուղղակի կամ անուղղակի անձնական շահով կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով՝ իր հետ փոխկապակցված անձի շահով առաջնորդվել։
45. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ կամ գործողություններ իր անձնական շահերի և իր պաշտոնից ու քաղաքացիական ծառայողի կարգավիճակից բխող շահերի միջև հնարավոր բախումը կանխելու համար։
46. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է ցանկացած շահերի բախման դեպքում այդ մասին տեղեկացնել իր վերադասին կամ անմիջական ղեկավարին, կատարել բարեվարքության հարցերով կազմակերպչի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ցանկացած վերջնական որոշում՝ խնդիրը լուծելու համար։